ՓՈՂՈՑԻ ԲԱԶԱԼՏԵ ԵԶՐԱՔԱՐԵՐԸ ՈՒՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել:

Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում կհիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները կլուսավորվեն խնայողական լամպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տեւական ժամանակ է, ինչ բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցված է: Պատճառը ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության կատարած անբարեխիղճ աշխատանքն է:
ՀՀ Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանի խոսքերով` այս պահի դրությամբ կարգավորվում են ոչ միայն բազալտե եզրաքարերի հետ կապված հարցերը, այլեւ ներքին ջրահեռացման համակարգերը: Անգամ ծրագրի աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն են փոխվել: Իսկ աշխատանքային խմբի ղեկավարն է Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը:
««Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը մի քանի փողոցներում շինարարական աշխատանքներ է իրականացնում: Այսինքն` մրցույթը շահած կազմակերպություններից մեկն է: Բայց ընկերությունը Գյումրիի Տիգրան Մեծի փողոցի 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարերի տեղադրում է իրականացրել, որը չի համապատասխանում սահմանված ստանդարտներին: Այսինքն` ԳՕՍՏ-ին չի համապատասխանել: Տվյալ դեպքում ես, ստանձնելով աշխատանքային խմբի նոր ղեկավարի պարտականությունները, անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները: Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր, եւ մենք դադարեցնեինք»,- նկատեց Մելիքջանյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ բացահայտված թերությունները, խնդիրները տեխհսկողին ներկայացվել է, ում կողմից եւ դիտարկում է արվել: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած շաբաթվա ընթացքում ե՛ւ «Սիսիան ԲՈՒԱՏ»-ի, ե՛ւ երեւանյան «ԱԱԲ» կազմակերպության բազալտե եզրաքարերը ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որպեսզի պարզվի` արդյոք համապատասխանում են ԳՕՍՏ-ի ստանդարտներին, թե ոչ:
«Մենք վնաս չենք կրում, շինարարն է վնասը կրում, բայց իր մեղքով, որեւէ մեկն իրեն չի ասել, որ ԳՕՍՏ-ին չհամապատասխանող եզրաքար բերի, տեղադրի: Երբ շինարարը մրցույթը շահել է, ինքը գիտի, որ մասնակցելուց պետք է ապահովի տվյալ եզրաքարը, որը ԳՕՍՏ-ին համապատասխանում է: Եւ առաջացած հավելյալ ֆինանսական ռիսկերը իր անբարեխիղճ աշխատանքով է պայմանավորված, սա որեւէ կերպ չի զուգորդվում մեր աշխատանքի հետ»,- լրացրեց փոխմարզպետը:
Զրույցի ընթացքում փոխմարզպետն ասաց նաեւ, որ հիմնական ճանապարհաշինարարական աշխատանքները, որոնք ներկա պահին ծավալվում են Գյումրիում, ունեն էական խնդիրներ: Ըստ նրա` սա երկու գործոնով է պայմանավորված. «Սխալ պատվերով, այսինքն` պատվիրատուի կողմից ոչ ճիշտ տեխնիկական առաջադրանք է տրվել նախագծողին, որի հիման վրա կազմվել է նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ երկրորդը` այն նախագծերը, որոնք ներկայումս կան, որեւէ առերեսում չունեն իրականության հետ: Այսինքն` իրականության մեջ երբ համադրում ենք արված նախագծերը, հսկայական աշխատանքներ կան, որոնք նախագծում ներկայացված չեն: Սրանք իրենց հերթին բերում են լրացուցիչ նախագծային աշխատանքների, որոնք էլ իրենց հերթին առաջացնում են լրացուցիչ գումարային խնդիրներ»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը կշարունակի արդյոք բազալտե եզրաքարերի շարման գործընթացը, փոխմարզպետը պարզաբանեց. «Պատվիրատուն Գյումրու քաղաքապետարանն է, ծրագրի իրականացման սուբյեկտը քաղաքապետարանն է, ինքն է կնքել պայմանագիրը, ինքն էլ պետք է որոշի: Բայց մենք այլեւս չենք հանդուրժում, որ շինարարը որեւէ մեկնաբանություն գտնի իր կատարած անորակ աշխատանքում, եւ դա ինչ-որ կերպ մենք հանդուրժենք: Այս պարագայում որեւէ հանդուրժողականություն չի լինելու»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ լաբորատոր փորձաքննության արդյունքերը դեռեւս չկան: Բայց Մելիքջանյանը վստահ է, որ դրանք չեն համապատասխանում ԳՕՍՏ-ի ստանդարտներին եւ չնայած սրան` ուղարկվել են լաբորատոր փորձաքննության:
Հիշեցնենք, որ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը պատկանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: Վերջերս լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Նաղդալյանը ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին: Սակայն այս տեղեկությունը այդպես էլ պաշտոնապես չհաստատվեց: «Ժողովուրդ» օրաթերթը Արա Մելիքջանյանից հետաքրքրվեց` հնարավոր է բազալտե եզրաքարերի շարման գործընթացի կասեցումը պայմանավորված լինի Հերմինե Նաղդալյանի գործոնի հետ: Հարցին ի պատասխան` փոխմարզպետն արձագանքեց. «Բայց դա որեւէ կերպ եւ ոչ մի բանով չի կաշկանդում մեզ. որ կառույցը ուզում է լինի, ում ուզում է պատկանի, եթե շինարարական աշխատանքները անորակ են կատարվում, ուրեմն դրանք բերվում են ԳՕՍՏ-ի համապատասխանեցման եւ դրանից հետո նոր շարունակվում են: Բայց ես չեմ տիրապետում, թե այս պահի դրությամբ ում է պատկանում ընկերությունը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ` Տիգրան Բարսեղյանն ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.39 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.99 աստիճան աշխարհագրական կոորդինատներով Հայաստանի Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալլ, երկրաշարժը զգացվել է Դաստակերտում:

 

 

ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի պատասխան վերջին օրերին ԶԼՄ-ներում տարածում գտած հոդվածի` «Սանիթեք» ընկերությունը ցանկանում է եւս մեկ անգամ վերահաստատել, որ այն հանդիսանում է ապաքաղաքական ընկերություն: «Խնդրում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց: Բոլոր այն ակտիվները, այդ թվում նաեւ գույքը, որոնք ունի «Սանիթեք» ընկերությունը, պատկանում են միայն եւ բացառապես ընկերությանը: Ընկերությունը պատրաստակամ է աշխատել յուրաքանչյուր ուժի հետ, ով կգլխավորի Երեւանի քաղաքային իշխանությունը եւ համագործակցել բացառապես Քաղաքապետարանի` որպես կառույցի հետ»,-նշված է ընկերության հայտարարության մեջ:

 

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հ. Ռոստոմյանի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա` սեպտեմբերի 4-ի կապակցությամբ պարգեւատրվեցին մեդալներով:

 

 

425 ՄԼՆ ԴՐԱՄ` ԲՅՈՒՋԵԻՑ
Հայաստանի անկախության տոնի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումների ֆինանսական մասը չի գերազանցի 100 մլն դրամի շեմը, այս մասին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Որպես համեմատություն նա նշել է, որ Սարդարապատի 100-ամյակին նվիրված միջոցառման միայն բեմի տեղադրման եւ միջոցառման համար բյուջեից տրամադրվել էր 425 մլն դրամ:
Է. Աղաջանյանի խոսքով` մարզերին տրամադրված է բյուջե, որպեսզի նրանք իրենց հերթին կազմակերպեն տոնական միջոցառումները. «Դիզայնի եւ բրենդինգի տեսանկյունից խորհրդանիշները ցրվում են բոլոր մարզեր, որ տրամադրությունները նույնը լինեն»,-ասել է նա: Ըստ աշխատակազմի ղեկավարի` միջոցառումները չեն խանգարի Երեւանի ավագանու քարոզարշավին, քանի որ վերջին օրն է լինելու: Նա ընդգծել է, որ «Սելֆիի ժամ» միջոցառման շրջանակներում իրենք պատրաստվում են հրավեր ուղարկել քաղաքապետի 12 թեկնածուներին. «Գուցե իրենց քարոզարշավը համատեղեն այս միջոցառման հետ»,-ասել է նա:




Լրահոս