Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ խաղային ավտոմատները հատկապես մարզերում մարդկանց մղում են խաղամոլության: «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը` պետք է հնարավորինս տրամաբանական ձեւերով սահմանափակվի փողոցային թակարդների` բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, եւ, ի վերջո, նաեւ դրանք նույնպես դուրս գան»,- ասել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը նման հանձնարարություններ տվել է այն բանից հետո, երբ տասնյակ մտահոգիչ նամակներ է ստացել քաղաքացիներից: Մարդիկ գրել են, որ օրեցօր տարածվող, ազատ գործող բուքմեյքերական գրասենյակներն ու խաղային ապարատները պարզապես դարձել են իրենց ընտանիքների քայքայման պատճառ, անգամ որոշ դեպքերում դրանք դարձել են երեխաների կյանքի սպառնալիք, երբ ոմանք մեծ գումարներ տանուլ տալուց հետո փորձել են ինքնասպանության գնալ: Այս թեմայով որոշակի ուսումնասիրությունից հետո որոշվել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններով: Միայն թե միաժամանակ նկատենք, որ բուքմեյքերական գործակալությունները մեծ հարկատուներ են եւ, ըստ այդմ, դրանց փակվելը կարող է իր բացասական հետեւանքներն ունենալ նաեւ բյուջեի հավաքագրման առումով: Կառավարության նիստում ունեցած ելույթում Փաշինյանն ինքն էլ նշել էր այդ մասին: Մնում է՝ կառավարությանը հաջողվի գտնել համարժեք լուծում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով խուզարկությունները ավարտվել են: Ինչպես հայտնի է, նախաքննությունն իրականացնող մարմինը միջնորդություններ էր ներկայացրել դատարան 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար, որոնք բոլորն էլ դատարանը բավարարել էր: Սակայն հանրությունը իրազեկվեց միայն Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրությունում կատարված խուզարկության մասին. թե որոնք էին այս գործով մյուս հինգ հասցեները, նախաքննական մարմինը գաղտնի է պահում: Մեզ հայտնի դարձավ, որ խուզարկությունների նպատակը եղել է մեկը՝ իրավապահները ցանկացել են պարզել, թե համացանցում հայտնված հեռախոսային խոսակցությունը ինչպես է հայտնվել լրատվամիջոցում կամ այլ անձանց ձեռքում՝ կրիչի վրա են ներբեռնե՞լ եւ անձամբ հանձնե՞լ, թե՞ էլեկտրոնային տարբերակով են ուղարկել:
Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է անձամբ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները հիմնականում ցանկացել են լսել Սերժ Սարգսյանի տեսակետները ներքաղաքական թեմաների վերաբերյալ: Մեր տեղեկություններով` խոսք է գնացել ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Նշվել է, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաեւ հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին եւ, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, եւ արտահերթ ընտրություններ այժմ ամենեւին էլ պետք չեն:
Սեպտեմբերի 11-ի ասուլիսում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանվել էր արտակարգ դրություն մտցնելուց հետո: «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»: Նկատենք, որ նախկին փաստահավաք խմբի զեկույցում նշված է, թե Աբգարյանին մահացու հրազենային վիրավորում հասցվել է ոչ թե արտակարգ դրություն մտցնելուց հետո, այլ ավելի վաղ՝ մարտի 1-ին` ժամը 22.20 սահմաններում, նա մահացել է արդեն ապրիլի 11-ին` այդպես էլ գիտակցության չգալով: Արտակարգ դրություն մտնցելու հրամանագիրը ներկայացնելիս նախկին նախագահ Ռ. Քոչարյանն ասել էր, թե ինքը զոհերի մասին տեղեկություններ չունի, այլ խոսքը վիրավորների մասին է: Այդ դեպքում տարօրինակ է, որ ՀՔԾ պետը նման հայտարարություն է անում` ստվերելով քրեական գործի ընթացքը: Ուստի «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՔԾ, որտեղից պատասխանեցին. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»: Թե որտեղ եւ երբ է նման հայտարարություն արել, այդպես էլ մնում է անհայտ:
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որպես այդպիսին, բանակցություններ չէին: Բայց կարճատեւ հանդիպման ժամանակ նրանք ձեռք են բերել պայմանավորվածություններ: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիեւի հետ ունեցած խոսակցությունից. քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերելու հարցը: Ն. Փաշինյանը հավելել է նաեւ, որ hանձնարարական ու համապատասխան հրաման է տրվել մեր զինված ուժերին: Բացի այդ, Փաշինյանը Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել է` օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաեւ խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով: «Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում»,- հայտարարել է Փաշինյանը:
Նկատենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ օպերատիվ կապի միջոցով հաղորդակցության հնարավորություն եղել է 1990-ականներին, եւ ասում են՝ դրա շնորհիվ հնարավոր է եղել սահմանին պահպանել հրադադարի ռեժիմը, արագ կասեցնել խախտման փորձերը: ՈՒ այս հնարավորության վերականգնումը կարող է էական նշանակություն ունենալ: Մինչ այդ Փաշինյանն ու Ալիեւը ստիպված են շարժվել նման միջոցառումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններով:
Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի պահպանման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա նման բաներ եղել են նաեւ նախկինում: Սերժ Սարգսյանը եւս պարբերաբար Ալիեւի հետ հանդիպումներին նման պայմանավորվածություններ էր ձեռք բերում: Վերջին նման պայմանավորվածությունը 2017թ. հոկտեմբերի 16-ին էր Ժնեւում, եւ Ս. Սարգսյանը տեղեկացրել էր. «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք»: Դրանից հետո սահմաններում խաղաղ էր, բայց որոշ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց գնդակոծել դիրքերը, անգամ խաղաղ բնակավայրերը:
Հետաքրքիր է՝ այս անգամ որքա՞ն երկար կպահպանվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, Ալիեւը որքանո՞վ իր խոսքի տերը կլինի: Ի վերջո, խաղաղությունը բխում է երկու երկրների, երկու ժողովուրդների շահերից: