2008 թվականի մարտի 1-ի արյունալի բախումների թեման շարունակում է բազում ու բազմապիսի հարցականներ պարունակել: Մենք այս եւ առաջիկայում մի քանի այլ հրապարակումներով կփորձենք ամենատարածված, բայց միեւնույն ժամանակ մութ մնացած հարցերը բարձրացնել՝ ակնկալելով դրանց պատասխանները ինչպես նախաքննող մարմնից, այնպես էլ մարտի 1-ի թեմայով մտահոգ հասարակական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:
Սպանել են հիմնավորելու համար
Ինչպես ասում են, սկսենք ամենավերջից: Սեպտեմբերի 11-ին, երբ հրապարակվեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը, պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման ՀՀ շատ քաղաքացիների կամ մեծամասնության համար: ՀՔԾ պետը հայտարարեց, որ «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»:
Ու եթե իրապես ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնմխելիություն չի կարող փրկել խիստ պատժից: Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար եւ շեղելու ուշադրությունը գաղտնալսման բուն էությունից, եւ մենք կրկին ունենալու ենք մարտի մեկի ՛բացահայտում` այս անգամ արդեն մարդկանց չասված խոսքերը նրանց վերագրելու եւ դրա հիման վրա մեղադրանքներ կառուցելու եւ նրանց վերագրելու տեսքով: Բայց որպեսզի այս ասվածն էլ չդառնա մարտի 1-ի միֆային պատմություններից մեկը, փորձենք խորանալ տողերի մեջ:
Ոչ մի խոսք մահացածների մասին
Ուսումնասիրեցինք մարտի 1-ին՝ Արտակարգ դրություն հայտարարելու օրը, Ռոբերտ Քոչարյանի հրապարակային բոլոր խոսքերը: Տեղեկացնենք, որ այդ օրը նրա անունից հրապարակվել է ժամը 22.30-ին «Արտակարգ դրության մասին» հրամանագիրը, ուղերձը՝ «ուղղված ժողովրդին», եւ հրապարակումից հետո նա հանդիպել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրավոր ելույթներում որեւէ խոսք չկա ո՛չ զոհերի, ո՛չ վիրավորների մասին: Իսկ ասուլիսի ժամանակ նա այսպիսի հայտարարություն է անում. «Ես հրամանագիր եմ ստորագրել արտակարգ դրություն մտցնելու մասին եւ հրամանագիրը ստորագրել եմ միայն այն ժամանակ, երբ ինձ զեկուցել են այդ 8 վիրավորների մասին: Հրամանագիրը ուղղված է սահմանադրական կարգի պահպանությանը ՀՀ-ում եւ, իհարկե, առաջին հերթին մեր բնակչության, մեր ժողովրդի անվտանգության ապահովմանը»:
Այնուհետեւ լրագրողը հարցնում է՝ լուրեր կան, որ զոհեր կան երկու կողմից էլ, խնդրում եմ պարզաբանեք: Քոչարյանն արձագանքում է. «Զոհերի մասին այս պահին ես տեղեկություն չունեմ: Տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիրավորների մասին: Դա ոստիկանության աշխատողներ են եւ ոստիկանական զորքի նաեւ ծառայողներ են»:
Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ որեւէ խոսք չի ասել զոհերի մասին: Ավելին՝ նշել է, որ տեղեկություն չունի:
Տիգրանը վիրավորվել է մարտի 1-ին, մահացել՝ ապրիլի 11-ին
Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Աբգարյանին, ապա նրա մասին 2009 թվականի հուլիսին հրապարակվել է Մարտի 1-ի փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ, «Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ու «Ժառանգությունը» ներկայացնող Սեդա Սաֆարյանի կողմից կազմված զեկույցը: Այն վերաբերում է ոստիկանության 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքներին: Եւ այսպես, փաստաթղթում գրված է, որ «2008 թ. մարտի 1-ին` ժամը 22.20-ին, Տիգրան Աբգարյանը շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոց` պարանոցի հրազենային միջանցիկ վիրավորում ախտորոշմամբ: Առաջին բժշկական օգնություն ցույց տալուց հետո մարտի 2-ին` ժամը 02-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունք: Իսկ մարտի 2-ին` ժամը 16-ին, Տիգրան Աբգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ, որտեղ մահացել է 2008 թ. ապրիլի 11-ին` ժամը 20.00-ին: Այսինքն՝ Տիգրան Աբգարյանը մարտի 1-ին չի մահացել:
Թե ինչպես է նա սպանվել, նույն «Փաստահավաք խմբի» կողմից հրապարակված փաստաթղթում նշված է, որ «Փաստահավաք խումբ հրավիրված ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի զինծառայող Արթուր Արաբյանը Տիգրան Աբգարյանի դեպքի կապակցությամբ հայտնեց, որ այն տեղի է ունեցել «Սվին» խանութից մոտ 20 մետր դեպի Լեո փողոցի կողմը: Տիգրան Աբգարյանը կանգնած է եղել առաջին շարքում, իսկ ինքը` երկրորդ: Դեպքերը ծավալվելիս են եղել Պարոնյան փողոցի վրա: Լսվել են կրակոցներ: Տիգրան Աբգարյանը թեքվելով ընկել է: Երկու զինվորներ օգնել են նրան եւ տեղափոխել դեպի հետ»: Իսկ թե ում կողմից են արձակվել կրակոցները, այդպես էլ հայտնի չէ մինչ օրս:
Պատասխան՝ բազում հարցականներով
Հիմա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը առնվազն 2 հարցի առնչությամբ պետք է պարզաբանում ներկայացնի, ընդ որում՝ հիմնավոր պարզաբանում.
ա. «Ի՞նչ նկատի ուներ Սասուն Խաչատրյանը իր հայտարարությունն անելիս, արդյոք բացի վերը նշված 3 ելույթներից՝ «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիր, «Ուղերձ՝ ուղղված ժողովրդին» եւ մամուլի ասուլիս, այլ ելույթ է ուսումնասիրվել ՀՔԾ-ի կողմից: Խնդրում ենք նշել, թե որն է այն»: Հարցի կարեւորությունը մեծ է, քանի որ դա, ըստ էության, չէր կարող լինել գաղտնի ելույթ, եւ ՀՔԾ պետը խոսում է հայտարարության մասին, որը ինքնին չի կարող հանդիսանալ նախաքննական գաղտնիք: Եվ լրագրողական հանրությանը հետաքրքրում է` ե՞րբ եվ որտե՞ղ է Քոչարյանը հայտարարել մարտի մեկին` մինչեւ Տիգրան Աբգարյանի վիրավորվելը, զոհեր ունենալու մասին:
բ. «Տիգրան Աբգարյանը, ըստ Փաստահավաք խմբի տվյալների, վիրավորվել է մարտի 1-ին` ժամը 22:20-ին, տեղափոխվել հիվանդանոց, մահկանացուն կնքել է ապրիլի 11-ին: Իսկ «Արտակարգ դրության մասին» Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է 22:30-ին: Արդյոք մինչ օրս հրապարակված այս տվյալները կե՞ղծ են»: Չնայած այս հարցում գոնե վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ այդ օրվա ըդդիմադիր կայքերը այն հրապարակել են 22.30-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցադրումներին ի պատասխան` ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությունը չի վերաբերում Ռոբերտ Քոչարյանի միայն հրապարակային ելույթներին»: Ինչպես ասում են, այստեղ իրավիճակն ավելի է բարդանում: Այդ որտե՞ղ եւ ե՞րբ է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, թե զոհեր կան: Ի վերջո, այն պետք է լինի հրապարակային կամ կոնկրետ շրջանակների մոտ: Չի կարող ինչ-որ մեկի ականջին շշնջոցը ընկալվել որպես հայտարարություն: Ու եթե Սասուն Խաչատրյանը հապշտապ չտա այս հարցի պատասխանը, ստացվում է.
ա. Կամ նա ուղղակի ստում է:
բ. Կամ ինչ-որ փաստաթուղթ, տեսանյութ, ձայնագրություն, ցուցմունք կա նրա ձեռքի տակ՝ զոհերի մասին Քոչարյանի խոսքը հիմնավորող:
Այլ տարբերակ ուղղակի գոյություն ունենալ չի կարող, քանի որ ինչ-որ մեկի պատմելով կամ ինչ-որ մեկի լսածով պետական բարձրաստիճան պաշտոնյան չի կարող այդչափ պատասխանատու հայտարարություն անել:
Միֆերի փլուզման հրամայականը
Մեզ մնում է սպասել անհամբերությամբ եւ հույսով, որ այս հարցի պատասխանը երկար սպասեցնել չի տա: Թե չէ մարտի 1-ի թեմայով ամենակարեւոր հարցերը մշտապես բաց են մնացել 10 տարի շարունակ ձգվող «նախաքննության գաղտնիք» հիմնավորմամբ: Ու տարեցտարի միֆերի եւ ստերի շարքը, քաղաքական շահարկումներն ու դիվիդենտների քաղումը այս գործի շրջանակներում ուղղակի ահագնացել են: Ժամանակն է, ի վերջո, Նոր Հայաստանում տալ բոլոր մութ հարցերի պատասխանները չստելու եւ ազնվության ամենաակտիվ մղումներով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ
Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին եւ նշել. «Միանշանակ է, որ այդ գազալցակայաններում գործող անհասկանալի սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում ոչ միայն գյուղական համայնքներում: Դա լուրջ խնդիր է, եւ դրանք ուղղակի պետք է հանվեն: Շատ կարեւոր է, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի խնդիրն իսկապես ճիշտ լուծվի: Երբ նայում ենք տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է, որ այդ խաղային ավտոմատները դարձել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, եւ մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը, մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից` կներեք բառիս համար, ղումարբազությունը…»:
Ըստ Նիկոլ Փաշինյանի` անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձեւակերպել. «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը` պետք է հնարավորինս տրամաբանական ձեւերով սահմանափակվի փողոցային թակարդների` բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, եւ, ի վերջո, նաեւ դրանք նույնպես դուրս գան..: Եվ երրորդը` ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, եւ ուզում ենք հասկանալ` այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է` ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, եւ մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով եւ պարտվելով, բնականաբար: Այսինքն` այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»:
Իրականում վարչապետի կողմից օրենքում փոփոխություններ անելու հայտարարությունը բավականին խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ մի շարք քաղաքացիներ տեւական ժամանակ վարչապետին նամակներ են գրել եւ խնդրել են փրկել իրենց ընտանիքները, իրենց երեխաների կյանքը: Ներկայացնում ենք ՀՀ վարչապետին ուղարկված նամակներից մեկը, թե ինչպես է մայրը փրկել ինքնասպանության փորձի դիմած իր որդու կյանքը. «Հարգարժա՛ն, հարգելի՛ Հայկո, քաղաքապետ ընտրվելուց հետո արդյոք կփակվե՞ն այս տնաքանդ Վիվարոները, էլ չեմ խոսում խաղատների մասին, իբր թե քաղաքից դուրս են, բայց կասեի, որ քաղաքում են: Դրանք նույնիսկ խլում են մարդկային կյանքեր, այլ ոչ միայն միջոցներ: Ես հենց այսօր հազիվ փրկեցի տղայիս կախվելուց»: Ի դեպ, ՀՀ վարչապետին ուղղված նամակներում քաղաքացիները թողել են իրենց հեռախոսահամարները, որպեսզի հարկ եղած դեպքում կապ հաստատեն իրենց հետ: Ահա այսօրինակ նամակներն էլ ստիպել են վարչապետին կոնկրետ քայլեր իրականացնելու «ղումարբազությունը» դադարեցնելու համար
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ