ՀՀԿ-ից մենք ամեն ինչ սպասում էինք, ընտրություններին բան չի մնացել. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթևակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլեւ գործադիր իշխանությունը:

«Նիկոլ Փաշինյանը, ընտրություների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, եւ չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների պրոցեսը: Այդ դեպքում ԱԺ-ի վրա հանրային ճնշման հնարավորություն կունենայինք, եթե սենց սաբոտաժ արվեր»,- մասնավորապես գրել էր նա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն չընդունեց ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը:

«ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցեց ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ:

-Պարո՛ն Սիմոնյան, Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ ընտրական օրենսգրքի լրացումների եւ բարեփոխումների մասին օրենքի նախագծի տապալման պատճառը եղել է նաեւ գործող իշխանությունը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Անկեղծ ասած` նրա մեկնաբանությունը չեմ տեսել: Մենք ամեն ինչ անում ենք, որ տվյալ նախագիծը չտապալվի: Միացել ենք «Ծառուկյան» դաշինքի մեր գործընկերների նախաձեռնությանը` այդ նախագիծը կրկին օրակարգ բերելու համար:

-Սպասո՞ւմ էիք, որ նախագիծը կտապալվի: Ինչպես գիտենք, «Ծառուկյան» դաշինքից, ՀՅԴ-ից մարդիկ կային, ովքեր քվեարկության ժամանակ ԱԺ-ում են եղել, բայց չեն քվեարկել: Մինչ քվեարկությունը որեւէ պայմանավորվածություն չկար նրանց հետ…

-Ով եղել է դահլիճում, քվեարկել է: «Դաշնակցությունից» ընդամենը 2-ը չեն քվեարկել, «Ծառուկյան» դաշինքից` 3-ը: ՀՀԿ-ից մենք ամեն ինչ սպասում էինք, բայց աշխատելու ենք թույլ չտալ, որ այս իրավիճակը այսպես մնա: Ի վերջո, ընտրություններին բան չի մնացել: Ազգովի, ժողովրդով մի քիչ էլ դիմանանք, տեսնենք` ինչ ենք անում, որ երկիրը գցենք քաղաքական հունի մեջ:

-Մարդկանց մոտ կրկին անհանգիստ վիճակ է ստեղծվել` ԱԺ-ն արձակելու հետ կապված: Կարծիքներ կան, որ ՀՀԿ-ն նոր սցենարներ կմտածի: Դուք ի՞նչ կանխատեսումներ ունեք:

-Մենք անհանգստանալու բան չունենք, քանի ժողովուրդը մեզ հետ է, մեր մեջքին կանգնած է: Ժողովուրդն է մեր դուխը, մեր ուժն ու հեղափոխությունը: Մենք մտածելու բան չունենք: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր այսօր եւ երեկ փորձում էին ճողոպրել, փորձում էին ժողովրդի հետ մուկ ու կատու խաղալ:

-Հնարավո՞ր է, որ նորից դիմեք ժողովրդի օգնությանը, եւ հոկտեմբերի 2-ի սցենարը նորից կրկնվի:

-Հնարավոր է: Ոչինչ չի բացառվում:

Լուսինե Մինասյան




Լրահոս