Հիմա էլ նախագահ Արմեն Սարգսյանն է փորձում շրջանառության մեջ դնել հայերի՝ համաշխարհային ազգ լինելու հայտնի թեզը: Ժնեւում ելույթ ունենալով Crans Montana ֆորումի «Հայրենիք եւ համաշխարհային անվտանգություն» համաժողովի ամենամյա նստաշրջանին` նա հայտարարել է. «Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ: Այնքան, որքան հայեր են բնակվում Հայաստանում, նույնքան բնակվում են նաեւ Ռուսաստանում: Երեւանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որը 2800 տարեկան է, ունի այնքան հայ բնակչություն, որքան Լոս Անջելեսը…: Ուստի լինելով փոքր երկրի նախագահ՝ ես փորձում եմ միեւնույն ժամանակ լինել նաեւ համաշխարհային ազգի առաջնորդ»:
Եթե անկեղծ, ապա Արմեն Սարգսյանն իր ելույթում այնքան էլ օրիգինալ չի գտնվել. նա պարզապես կրկնել է հայերի՝ համաշխարհային ազգ լինելու մասին վաղուց հնչեցված միտքը: Այդ գաղափարի հեղինակային իրավունքները, եթե հիշում եք, պատկանում են Վազգեն Մանուկյանին: Հենց նա էր 90-ականների սկզբներին խոսում հայերից համաշխարհային ազգ կերտելու անհրաժեշտության մասին: Բայց մանուկյանական թեզը ոչ միայն այդպես էլ լայն արձագանք չգտավ, այլեւ բավական քննադատության արժանացավ հենց միայն այն պատճառով, որ գաղափարը ծիծաղելի էր, անիրագործելի, ուտոպիայի ժանրից:
Համաշխարհային ազգի թեզը փորձեց առաջ տանել նաեւ Սերժ Սարգսյանը: Նա էլ 2017թ. օգոստոսին հանձնարարել էր նախապատրաստել Համահայկական խորհրդի ձեւավորման հետ կապված հարցեր` այդ համատեքստում առաջադրելով բարձր նպատակներ: Ու հիմա, երբ արդեն Արմեն Սարգսյանն է կրկնում այս նույն միտքը, մի տեսակ այն չէ, նույնիսկ արդեն ձանձրալի է թվում, մանավանդ մի նախագահի դեպքում, որը հասցրեց հասարակության կողմից սիրվել երեխաների հետ պաղպաղակ ուտելու, համբուրգեր պատրաստելու, ցուցարար բնապահպանների հետ քոչարի պարելու շնորհիվ:
Մի փաստ էլ. Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե լինելով փոքր երկրի նախագահ` փորձում է միաժամանակ լինել համաշխարհային ազգի առաջնորդ: Միայն թե մինչեւ նման հավակնություններ ներկայացնելը Սարգսյանին չէր խանգարի հիշել, որ իրեն ժողովուրդը չի ընտրել, այլ նախագահի պաշտոնում առաջադրել ու հետո ընտրել է մի ուժ, որը բավական ամոթալի կերպով հեռացվեց իշխանությունից: Իրեն ընտրել է լեգիտիմությունից զուրկ խորհրդարանը, որը ցրելու պահանջ է առաջադրել հասարակությունը: