«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նորաստեղծ «Այլընտրանք» կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանի հետ:
-Պարո՛ն Առաքելյան, ազգի փրկության ի՞նչ ծրագիր եք առաջարկում:
-Ազգը փրկել եւ նման վերամբարձ արտահայտությունները գալիս են նախկին քաղաքական մշակույթից: Դա գալիս է նախկին կուսակցական համակարգի չկայացվածությունից, կուսակցությունների ոչ ճիշտ աշխատանքից: Իրականության մեջ նոր ուժերի ձեւավորումը, առաջ գալը բնական եւ անհրաժեշտ գործընթաց է: Նոր իրավիճակում քաղաքական դաշտում էլ պետք է նոր բան ստեղծվի: Որպեսզի կուսակցությունները հաջողեն, կարեւոր է ներքաղաքական ժողովրդավարությունը: Մեր իրականության մեջ տեսել ենք քաղաքական էլիտաներ, որտեղ տարիներ շարունակ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Սա խոսում է նաեւ կուսակցության որակների մասին: Եթե չկան նոր սերունդ, նոր գաղափարներ, խոսել կուսակցական համակարգի զարգացումից անիմաստ է: Հենց նույն սկզբունքը տեղափոխվելու է համապետական մակարդակ: Ես չեմ խոսում մեկ ընտրության մասնակցելու ցանկություն ունեցող կուսակցությունների մասին: Խոսքը քաղաքական դաշտում երկարաժամկետ լինելու մասին է: Ինչպես տեսանք, ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Իսկ դա նորաստեղծ կուսակցությունների համար խնդիրներ է ստեղծում,բայց պետք չէ դրանից հիասթափվել:
-Ինչի՞ հույսով եք գալիս քաղաքական դաշտ:
-Մասնակցել ընտրություններին եւ պայքարել խորհրդարան անցնելու համար: Մեր նպատակն է երկար ժամանակ լինել քաղաքական դաշտում, առաջ քաշել փաստարկված գաղափարներ, համագործակցել գաղափարապես մոտ ուժերի հետ, հասնել էն խնդիրների լուծմանը, որոնք մենք դնում ենք մեր առաջ:
-Այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:
-Երեւան քաղաքում եւ մարզերում մենք թիմեր ենք ձեւավորում: Մենք ակնկալում էինք, որ ընտրությունները կլինեն մյուս տարի, բայց ինչպես տասանք, ամեն ինչ փոխվեց, եւ փաստորեն երկու ամիս հետո է լինելու իր բոլոր հետեւանքներով: Նորաստեղծ ուժերի համար գերծանրաբեռնվածություն կլինի մոբլիզացնել ուժերը: Նորմալ եմ գնահատում մեր շանսերը: Նոր ընտական օրենսգիրքը ավելի մեծ հնարավորություններ էր տալիս խորհրդարան անցնելու, բայց, ցավոք, այն տապալվեց: Դա ցույց տվեց, որ միայն ՀՀԿ-ն չէր, որ շահագրգռված էր դրանով:
Լուսինե Մինասյան