Այդ մասին այսօր հայտնել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Երևանի քաղաքապետարանից ArmLur.am-ին տեղեկացրին, որ Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով:
Ի հավելումն, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ շինարարության կասեցումը տեղի է ունեցել կողմերի ընդհանուր համաձայնությամբ և որոշմամբ: Ինչպես հայտնի է` այս հասցեում կառուցվում է «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի երևանյան մասնաճյուղը։ Հյուրանոցի շինարարությունն իրականացնում է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը։
Այն բանից հետո, երբ քաղաքապետարանը սահմանված ժամկետներում չէր պատասխանել շինարարություն իրականացնողի դիմում-գրությանը, օրենքի ուժով շինարարությունը շարունակվել էր: ArmLur.am-ին տված պարզաբանման մեջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարել էր, որ դեռևս հունիսի 25-ին է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը դիմել Երևանի քաղաքապետարան` շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը: «Եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,- հավելել էր Իվետա Տոնոյանը:
Մինչդեռ քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետարանը և թաղապետարանը շինարարությունն ապօրինի էին որակել:
Եվ ահա, ArmLur.am-ի տեղեկություններով, այսօր հանդիպում է տեղի ունեցել՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի, Երևանի քաղաքապետարանի հողօգտագործման վարչության և շինարարություն իրականացնող կողմի ներկայացուցիչների միջև: Կողմերը եկել են համաձայնության, ըստ որի՝ մինչև քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման ավարտը շինարարությունը կկասեցվի: