Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Իրանի հետ հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը:
«Իրանի հանդեպ միջազգային պատժամիջոցների հարցը բավականին զգայուն թեմա է Հայաստանի համար: Մենք մշտապես լիակատար աջակցություն ենք ցուցաբերել համապարփակ գործողությունների ծրագրի իրականացմանը, որը կնքվել էր Իրանի և համապատասխան գործընկեր պետությունների միջև: Մեզ համար շատ էական է, որ շարունակվեն ավանդական, փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունները մեր հարևան երկրի հետ: Հայաստանը գործընկեր պետությունների հետ հարաբերություններում մշտապես ուղղորդվել է այդ հարաբերությունները զարգացնել զուտ երկկողմ քաղաքական-տնտեսական շահերից ելնելով: Հարաբերութունները երբեք չեն զարգանում երրորդ երկրների հաշվին: Իրանի հետ փոխգործակցությունը չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին»,-ասաց Նազարյանը:
Նա նշեց, որ Հայաստանը՝ ԱԳՆ-ն շարունակում է իր կարևորագույն առաքելությունը. գործընկեր պետությունների հետ իրականացնում է թափանցիկ և անկաշկանդ քննարկումներ՝ մի կողմից կարևորելով Հայատան-Իրան փոխհարաբերությունները, մյուս կողմից՝ նաև նշանակություն տալով մեր գործընկերային հարաբերություններին մյուս գործընկերների հետ:
Նազարյանը նշեց, որ Իրանում տեղի ունեցող բոլոր զարգացումներին հետևում են, դա Հայաստանի համար կենսական խնդիր է: Մշտապես կապի մեջ են Իրանի գործընկերների, նաև այդ գործընթացում ներգրավված այլ գործընկեր-պետությունների հետ: Նա վստահեցրեց, որ Հայաստանը ներկայացնում է իր մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Փորձում են բաց երկխոսության միջոցով խոսել այն զգայուն հարցերի մասին, որոնք կարող են ի հայտ գալ ստեղծված իրավիճակի արդյունքում: