Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհի 39 կմ հատվածում ՊՆ բեռնատարի շրջվելու արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հետ զրույցում բուժկենտրոնի փոխտնօրեն Լևոն Հայրապետյանն ասաց, որ վիրավոր զինծառայողները հիմա հետազոտման փուլ են անցնում: «Նրանք հիմնականում ստացել են կոտրվածքներ, հոդախախտեր, արտաքին վնասվածքներ: Նրանց վիճակն, ընդհանուր առմամբ, գնահատվում է միջին ծանրության: Ծայրահեղ ծանր դեպքեր այս պահին չկան»,-նշեց նա:
Վիրավորների մի մասը տեղափոխվել է Սիսիանի հոսպիտալ:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում:
«21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է նա:
Արծրուն Հովհաննիսյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ վթարի արդյունքում չորս զինվոր է մահացել: