Արմեն Սարգսյանը փորձում է շտկել իրավիճակը. հայտարարության հետքերով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը որոշել է սրբագրել իր նախկին խոսքերը: Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում նա անդրադարձել է դեռ հոկտեմբերին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման անհրաժեշտության մասին իր հայտարարությանը` ասելով. «Ես առանձնահատուկ հայտարարություն չեմ արել հայ-թուրքական հարաբերությունների մասով: Նախ այդ հայտարարությունը պետք է կատարի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը եւ կառավարությունը: Ուղղակի իմ հարցազրույցներից մեկի ժամանակ հարց տվեցին, եթե այս պահին Ձեր դիմաց կանգնած լիներ Էրդողանը, ի՞նչ կասեիք, եւ որպես հայ ասացի, որ մենք խոսելու բան ունենք: Սա քաղաքական հայտարարություն չէր, այլ հայ մարդու, ով այս պահին նախագահ է, իր վերաբերմունքն էր»:

Արմեն Սարգսյանի երեկվա մեկնաբանությունները պատահական չէին: Այս տարվա հոկտեմբերին, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, նա բավական հավակնոտ հայտարարություններ էր արել` ուղերձ հղելով հարեւան պետության նախագահ Էրդողանին: Սա այն դեպքում, երբ Սահմանադրությամբ երկրի արտաքին քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ոչ թե նախագահը, այլ կառավարությունը, ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, Արմեն Սարգսյանի հոկտեմբերյան հայտարարություններն այլ բան, քան սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններից դուրս գալ, կառավարության լիազորությունների դաշտ ներխուժել, դժվար է որակել: Եւ հիմա, փաստորեն, Արմեն Սարգսյանը փորձում է շտկել իրավիճակը` շեշտելով, որ իր խոսքերը քաղաքական հայտարարություն չէին: Միայն թե հետաքրքիր է` ինչպե՞ս կարելի է քաղաքական հայտարարություն չորակել նախագահի խոսքերը, պաշտոնյայի, որը սահմանադրությամբ համարվում է պետության գլուխը: Սա էլ մեկ ուրիշ գլխացավանք է:

Մեկ հետաքրքրական փաստ էլ. Արմեն Սարգսյանն անդրադարձել է Բաղրամյան 26-ը կրկին նախագահի աշխատակազմին վերադարձնելու հարցին: Շեշտելով, որ իր համար անձնապես կարեւոր չէ, թե որ շենքում կաշխատի, Արմեն Սարգսյանը հավելել է. «Կարեւոր է աշխատակիցների համար, թե որ շենքն է ավելի հարմարավետ աշխատանքի համար: Ցավոք, Մաշտոցի 47-ը, որը հոյակապ շենք է, շատ գեղեցիկ, Մատենադարանի հարեւանությամբ, աշխատակիցների համար հարմար չէ՝ սկսած ջեռուցման, սառեցման եւ մնացած այլ պայմաններով»: Արմեն Սարգսյանը միգուցե ճիշտ է այս հարցում, բայց հետաքրքիր է` արդյոք նա իրենց աշխատանքային պայմանների անհարմարավետության մասին կբարձրաձայնե՞ր Սերժ Սարգսյանի իշխանավարման դեպքում, թե՞ այնուամենայնիվ, կհամակերպվեր ստեղծված իրավիճակին` նույնը խորհուրդ տալով իր աշխատակազմին:




Լրահոս