ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 21-ի նիստում որոշել է տուգանել «Վեոլիա ջուր» ընկերությանը 20 մլն դրամի չափով: Ըստ ՀԾԿՀ-ի` ընկերությունը խախտել է խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ, 19-րդ եւ 19.1-րդ կետերը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով փոխանցեց հետեւյալը. «Այդ գործընթացի փաստաթղթատարությունը մեծածավալ է: Մենք այս ընթացքում հազարավոր մարդկանց կարողացել ենք դարձնել բաժանորդներ, ջրագծեր կառուցել եւ սպասարկման վերցնել դրանք: Բայց, ցավոք գործընթացը շատ ծավալուն է եւ միայն մեզանից կախված չէ, հետեւաբար չենք կարողանում ժամկետում տեղավորվել:
Ընկերությունն ունի անհրաժեշտություն բոլոր այդ նոր կառուցվող ջրագծերի հետագծերը համաձայնեցնել տեղական իշխանությունների հետ: Մենք պարտավոր ենք ՏԻՄ-երից թույլտվություն ստանալ այդ տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որովհետեւ ջրագիծը մերն է, բայց տարածքը` ոչ: Եւ միշտ չէ, որ մեր տարածքային կառավարման մարմիններից այդքան օպերատիվ են արձագանքում»: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց`արդյոք ընկերությունը կբողոքարկի ՀԾԿՀ որոշումը: Հարցին ի պատասխան` Մ. Սարգսյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, քննարկումներից հետո պարզ կդառնա: