ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
հարգելի գործարարներ,
հարգելի հյուրեր,

ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, և մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա, որովհետև մի քանի անգամ ասել եմ, որ ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ստեղծել արվեստի գլուխգործոց, ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտության մեջ, այդպես էլ գործարարությունը հատուկ տաղանդի կարիք և անհրաժեշտություն ունի: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց: Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի:

Հիմա այդ նոր փուլը թևակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաև համարվում են գործարար, էականորեն նվազել է, և դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց: Հակառակը, մենք համոզված ենք և ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը և պետական որևէ պաշտոնյայինը:

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս