ՕԵԿ նախագահը կեղծում է հայտնի փաստերը` մեղադրելով կոալիցիոն նախկին գործընկերներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Օրինաց երկիր» կուսակցությունը մասնակցում է ԱԺ արտահերթ ընտրություններին: Իսկ սա նշանակում է՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ոչ միայն պոպուլիզմի պակաս չի լինի, այլեւ դրա քանակն աներեւակայելի չափերով կաճի: Նախանշաններն արդեն երեւում են: Երեկ Արթուր Բաղդասարյանն ասուլիս էր հրավիրել: Խոսքի հնչերանգը մի փոքր այլ էր: Եթե նախկինում պնդում էր, որ իրենք մեղավոր չեն 2008թ. մարտի 1-ի ոճրագործության համար, իրենց ձեռքերը թաթախված չեն արյան մեջ, ապա հիմա փորձում է ՀՀ քաղաքացիների ներողամտությունը հայցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ կոալիցիա կազմելու համար: «Արել ենք սխալ, ներողություն ենք խնդրել, եթե դա սխալ է: Անսխալական մարդ չկա»,- երեկ հայտարարել է նա: Հետո Բաղդասարյանը հիշեցրել է, որ ՕԵԿ-ը 2008թ. ԱԺ-ում միացել է իշխանական կոալիցիային, որի մասն էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն: «Մենք դուրս եկանք այդ կոալիցիայից` ի տարբերություն մեր որոշ գործընկերների, որոնք մինչեւ հեղափոխությունը մնացել էին իշխանության կողքին: Եղավ տարաձայնություն, հեռացանք կոալիցիայից: Բերե՛ք մեկ այլ օրինակ, երբ ԱԱԽ քարտուղարը, չհամաձայնելով նախագահի հետ, դուրս է գալիս կոալիցիայից»:

Արթուր Բաղդասարյանի ասածներից ստացվում է՝ մարտի 1-ի եւ ՀՀԿ-ի հետ կոալցիա կազմելու մեջ միայն իրենք չեն մեղավոր, այլ նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Անշուշտ, այս հարցում նրա հետ համակարծիք ենք:

Իսկ ահա դրանից հետո նա փորձում է իրականությունը խեղաթյուրել` ասելով, թե իբր իրենք դուրս եկան կոալիցիայից` ի տարբերություն որոշ գործընկերների, որոնք մինչեւ հեղափոխությունը մնացել էին իշխանության կողքին: Եթե նկատի ունի ՀՅԴ-ին, հիշեցնենք` ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Այլ հարց, որ արդեն 2016թ. նրանք վերադարձան ՀՀԿ-ի գիրկը եւ այդպես մինչեւ թավշյա հեղափոխությունը: ԲՀԿ-ն էլ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի հետ: Իսկ ահա Բաղդասարյանը 2008-2014թթ եղել է կոալիցիայի մեջ, ընդ որում՝ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո բավական նվաստացուցիչ պայմաններով: ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս եկավ, որովհետեւ լինելով ԱԺ-ում ամենափոքր խմբակցությունը` ցանկանում էր` Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո վարչապետ նշանակվի հենց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Մինչդեռ Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Այսինքն՝ եթե Բաղդասարյանը նախկին նախագահի հետ ունեցել է տարաձայնություն, ապա միայն այն պատճառով, որ ուզել է դառնալ վարչապետ, իսկ Սարգսյանը չի համաձայնել:




Լրահոս