Ինչպես արդեն հայտնի է, «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասին` ընդամենը օրեր առաջ ձեւավորված «Մենք» դաշինքով:
Հիշեցնենք` «Հանրապետություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ` «Լույս» դաշինքով, եւ այն ժամանակ նրանք պնդում էին, որ այդ նույն դաշինքով ցանկանում են մասնակցել նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններին: Սակայն դաշինքը փլուզվեց, իսկ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կուսակցությունը առանձին է գնալու ընտրությունների: «Մենք»-ի ձեւավորումից հետո «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն եւ ՔՊ-ն կարող են դաշինք կնքել, որովհետեւ այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: «Մենք»-ի ներկայացուցիչների ելույթներում Փաշինյանի իշխանության հասցեին որոշակի ընդդիմադիր տոնայնություն կա: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի մասին խոսել է «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու անդամ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:
-«Լույս» դաշինքը ինչո՞ւ փլուզվեց:
-«Լույս» դաշինքի փլուզումը «Լուսավոր Հայաստան» կուսակցության որոշումն էր: Մենք դաշինքով մասնակցելու կողմնակից ենք: Նրանք որոշեցին կուսակցության ֆորմատով մասնակցել 5 ու 7 տոկոսների խնդիրը հաղթահարել-չհաղթահարելու առումով: Իսկ մենք չենք վախենում այդ 7 տոկոսից: Համոզված ենք, որ բավականին լուրջ արդյունքներ ենք գնահատում եւ մեր շանսերը բավականին բարձր ենք գնահատում:
-Ինչո՞ւ հենց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ դաշինք կազմեցիք:
-Գաղափարական առումով հարմար գտանք միանալ հենց «Ազատ դեմոկրատների» հետ, որովհետեւ իրենք արեւմտյան արժեքները պահող ուժ են:
-Պարոն Արամ Սարգսյանի հայտարարությունները իշխող եւ Հանրապետական կուսակցությունների մասին շատ բուռն արձագանք ստացան: Ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ հայտարարությունը:
-Պարոն Սարգսյանի ասածները բոլորը սկսեցին ուղիղ իմաստով մեկնաբանել, բայց նա ընդամենը Եվրասիական տնտեսության հետ կապված հարցերի մասին էր խոսում: Նա նկատի ուներ, որ Հայաստանում մենք միակ ուժն ենք, որը պահում է արեւմտյան արժեքները, իսկ մեկնաբանությունները արվեցին հենց ուղիղ իմաստով:
-Դուք որեւէ խնդիր ունե՞ք իշխող կուսակցության հետ:
-Իհարկե չունենք:
-Այնուամենայնիվ, «Քաղաքացիական պայմանագրի» գործելաոճում կա՞ն բաներ, որոնց հետ դուք համաձայն չեք:
-Այո, իհարկե կան: Դա հենց Եվրասիական եւ արեւմտյան արժեքների հետ կապված տարբերությունն է: Այս պահին համաձայն չենք միայն արտաքին քաղաքականության մասով:
-Խորհրդարանում ընդդիմադի՞ր եք լինելու:
-Այո: Հենց մեր վերջին հայտարարությունները դրան են տանում: Մենք կարծում ենք, որ երկրում պետք են գոնե երկու տարբեր գերիշխող ուժեր` տարբեր հայացքներ ունեցող, իսկ մենք մեզ համարում ենք երկրորդ` այսինքն մյուս կողմը պահող միակ ուժը Հայաստանում:
-Պարոն Շարմազանովը հակազդեց դրան` ասելով, որ հիմա միայն ՀՀԿ-ն է ընդդիմություն, իսկ մնացյալ բոլոր ուժերը զբաղված են Նիկոլ Փաշինյանի կառավարության գովքով: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Ես համաձայն եմ, որ ՀՀԿ-ն է ընդդիմություն: Բայց պետք է նշել` այդ կուսակցությունը գաղափարական առումով ընդդիմություն չէ: ՀՀԿ-ն ընդամենը իր աթոռից հրաժարվելու խնդիր ունի եւ ունի իր անձնական շահերն ու նպատակները եւ հենց դրա համար է ընդդիմություն: Մենք Փաշինյանի կառավարությանը գովելու կամ չգովելու խնդիր չունենք: ՀՀ-ում ընդդիմությունը ուրիշ կերպ է ընկալվում: Այսքան տարի չի եղել ընդդիմություն, մենք 20 տարի պարզապես մահապարտներ ենք եղել: Հիմա ընդդիմությունը պետք է լինի այն օղակը, ով կօգնի, որ բարձրացրած խնդիրներին լուծումներ տրվեն: Հանրապետական կուսակցությունը տարիներ շարունակ արյունոտ ձեռքերով է եղել եւ պատրաստ է եղել ամեն բանի: Չմոռանանք հոկտեմբերի 27-ը, 2004-ի ապրիլի 12-ը, մարտի 1-ը: Այդ արյունոտ ձեռքերով իշխանության դեմ մենք իրոք մահապարտներ ենք եղել: Կարող եմ ասել` մեր պայքարը եղել է կյանքի ու մահվան պայքար: Հիմա արդեն պետք է փորձենք ձեւավորել նորմալ ընդդիմություն թե՛ Երեւանի քաղաքապետարանում, թե՛ խորհրդարանում
-Ո՞ր ուժերը կլինեն ապագա խորհրդարանում:
-Կլինի «Իմ քայլը» դաշինքը, կլինենք մենք: Մյուսների մասին ոչինչ չեմ կարող ասել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ԾԱԳԵԼՈՒ
Աժ արտահերթ ընտրություններին ընդառաջ կայացան ընտրական հանձնաժողովների անդամների համար դասընթացներ: Դեկտեմբերին 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների թեկնածուներին, այդ դասընթացների մասնակիցներին առաջադրել են ներկայիս խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները: Հանձնաժողովների շատ անդամների թեկնածուներ տարրական գիտելիքներ չունեն ընտրական օրենսգրքի մասին, որ պատշաճ կատարեն տեղամասային հանձնաժողովների անդամի իրենց պարտականությունները: Բայց գնում են այդ քայլին, քանի որ հնարավորություն է ստեղծվել ընտրությունների մեկ օրվա աշխատանքի համար ստանալ 55 հազար դրամ վարձատրություն: Դիտորդական կազմակերպությունների անդամները, «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին ի պատասխան, ասացին, որ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ շատ խնդիրներ են ծագելու, քանզի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները չգիտեն ընտրական օրենսգրքի դրույթները, իսկ դիտորդական կազմակերպությունների անդամներն ընտրական օրենսգրքին լավատեղյակ են: Օրինակ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները չգիտեն, որ տեղամասերում դիտորդներն իրավունք ունեն տեսանկարահանելու, եւ դրան խանգարում են: Մեծ խնդիր են պատգամավորության թեկնածուների վստահված անձինք, որոնց մի մասը իբր վատ տեսողության անձանց առաջնորդում են ընտրական տեղամասերի քվեախցիկներ, հետո նույն վստահված անձինք գնում են այլ ընտրական տեղամասեր ուղղորդելու ընտրողներին:
ՉԼՈՒԾՎԱԾ
2015թ. դեկտեմբերի 31-ին Ս. Սարգսյանը տարեմուտի առթիվ այցելել էր Տավուշի մարզի Բերդավան գյուղի մարտական դիրքեր, մասնակցել գյուղի կենտրոնում կայացած տարեմուտի միջոցառմանը: Այդ ժամանակ Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովելու համար Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհին՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, ֆելզիտե մեծ ժայռաբեկորներ էին տեղադրել: Դրանք շրջանցիկ ավտոճանապարհը պաշտպանում են ադրբեջանական հենակետերից գնդակոծության դեպքում: Իսկ սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար բաց է: Փաստորեն նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հռչակած «Ապահով Հայաստան» կարգախոսը միայն Սերժ Սարգսյանի համար էր: Նիկոլ Փաշինյանը արդեն 5 ամիս ՀՀ վարչապետ է, սակայն Տավուշի եւ Հայաստանի համար կարեւոր հիմնահարցը չլուծվեց, սահմանագոտով ձգվող ավտոճանապարհը ադրբեջանական գնդակոծության համար հիմա էլ բաց է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ` ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ
Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Ըստ դատախազության` այդ ամենը տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խոսքը «Վայքգօլդ» ընկերության մասին է:
Այսպես, ընկերությունում իրականացված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության կողմից առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, ընդերքի օգտագործման եւ պահպանության կանոնների խախտմամբ անցած տարվա դեկտեմբերին հանքավայրում իրականացվել է 1.330 տոննա հանքաքարի արդյունահանում, որում մետաղների քանակը կազմել է շուրջ 218 մլն դրամի` 11,31 կգ ոսկի, շուրջ 19 մլն դրամի` 84,5 կգ արծաթ եւ շուրջ 15 մլն դրամի` 5,25 տոննա պղինձ: Արդյունահանված հանքաքարը չի արտացոլվել ընկերության կողմից լիազոր մարմին ներկայացված հաշվետվություններում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել ընդերքին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վայքգօլդ» ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Նշենք, որ տեւական ժամանակ տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել ընկերությունում, ինչի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել: Ի դեպ, Ազատեկի հանքավայրում ստուգումներ սկսվել են Արթուր Գրիգորյանի` տեսչական մարմնի ղեկավար նշանակվելուց առաջ ընկերության պահանջով: Բանն այն է, որ տարբեր ընկերություններ են եղել, եւ իրավահաջորդության խնդիր է առաջացել հանքավայրում:
Նշենք, որ Ազատեկի ոսկու հանքավայրը գտնվում է Վայոց ձորի մարզում` Ազատեկ գյուղի մոտակայքում: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի` «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, ԲՆ նախկին նախարար Վարդան Այվազյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերության նկատմամբ ներկայումս սահմանափակումներ են կիրառված: «Վայքգօլդ» ՍՊԸ-ն արդյունահանման իրավունք ստացել է 2012 թվականին, իսկ գործողության ժամկետը մինչեւ 2037 թվականն է: Բայց չնայած սրան` ընդերքօգտագործման թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով տեսչական մարմինը դիմել է էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ