Մինչ Հայաստանում գնալով թեժանում է նախընտրական քարոզարշավը` իր վրա բեւեռելով հայ հասարակության ուշադրությունը, դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ նիստին ընդառաջ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում:
Մասնավորապես, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեկ հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում առաջացող հարցերը պետք է եւ լուծվելու են կոնսենսուսի հիման վրա: Նրա խոսքով` կազմակերպության անդամ բոլոր պետությունները հետաքրքրված են, որ կազմակերպությունը գործի եւ ներդրում ունենա բոլորի անվտանգության հարցում: Միեւնույն ժամանակ ՌԴ դեսպանը վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի առանց կազմակերպությանը վնաս հասցնելու։ «Գլխավոր քարտուղարի հարցը քննարկվում է: Ես վստահ եմ, որ այն կլուծվի այնպես, որ մեր կազմակերպությունը այս պատմությունից դուրս կգա ավելի ուժեղ, այդ թվում եւ կանոնակարգի պարզաբանման եւ վերամշակման հարցերում»,- ասել է Կոպիրկինը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին ՌԴ դեսպանի անդրադարձը, այն էլ՝ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավի այս օրերին, պատահական չէր: Ընդ որում, ՌԴ դեսպանը խոսել է այդ թեմայից` շեշտելով, որ խնդիրը պետք է լուծվի կոնսենսուսի հիման վրա: Այսպիսով, ռուսական կողմը չեզոքություն է ցուցաբերում` չփորձելով ՀԱՊԿ-ում իր ազդեցությունն ու հեղինակությունն օգտագործել կողմերից որեւէ մեկի վրա: Պատահական չէ, որ օրերս իր ասուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ՀՀ-ի եւ Բելառուսի տարաձայնություններին եւ դրանց նկատմամբ ՌԴ դիրքորոշմանը, առանց փակագծեր բացելու որակել էր «խիստ կառուցողական»: ՀՀ-ում ՌԴ դեսպանի զուսպ արձագանքը հենց դրա մասին է վկայում:
Միաժամանակ նկատենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ անդամ երկրների հետ ՀՀ հետագա հարաբերությունների մասին` շեշտելով. «Մենք պետք է մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ բարձրացնենք նոր մակարդակի ե՛ւ ԵՏՄ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի, նաեւ երկկողմ մակարդակով»:
Ասել է թե` ՀՀ նոր իշխանությունները եւս մեկ անգամ բաց տեքստով ուղերձ են հղում միջազգային գործընկերներին, առաջին հերթին ՌԴ-ին, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի լինելու, այլ ընդհակառակը, ՀՀ-ն խորացնելու է բարիդրացիական հարաբերությունները: