Արտահերթ ընտրությունների կարճ քարոզարշավը հանգեցրել է նրան, որ քաղաքական ուժերի ճանապարհները միեւնույն վայրում հաճախ խաչվում են: Երեկ այդպես եղավ նաեւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, որտեղ ժամերի տարբերությամբ եկել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր էլ միեւնույն վայրում կլինեն վարչապետ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները:
Նրանք երկու ուժերով այսօր լինելու են Գեղարքունիքի մարզում: Նկատենք, որ չնայած այսօր քարոզարշավի արդեն չորրորդ օրն է, սակայն անցած երեք օրերի արդյունքները ցույց են տալիս, որ շատ ուժեր, այդ թվում` ՀՀԿ-ն, բակային հանդիպումներ չեն ունենում. նրանք գերադասում են քարոզարշավ իրականացնել հարցազրույցների, ուղիղ եթերների եւ ֆեյսբուքյան գրառումների միջոցով:
Եթե հատկապես Երեւանում ՀՀԿ-ականների այս զգուշավորությունը հասկանալի է. նախկին իշխանության ներկայացուցիչները վախենում են հրապարակավ «թուք ու մուր ուտելուց», ապա մյուս կուսակցությունների դեպքում պարզ չէ՝ ինչից են խուսափում: