Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան հերթական խորհրդակցությունները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Արցախյան կողմից խորհրդակցություններին մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին Արցախի միջազգային համագործակցության և միջազգային գործընթացներում ներգրավվածության ընդլայնման շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ կարևորելով տարբեր մակարդակներով շփումներն ու խորհրդատվությունների անցկացումը, որոնք պարբերական բնույթ են կրում։
Նույն օրը Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին ընդունեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանը, քննարկվեցին արտաքին քաղաքական ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: