Գյումրիում նախօրեին դաժան սպանություն է կատարվել: Լուսադեմին փողոցում ծեծի է ենթարկվել 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը, որը ստացված մարմնական վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Կատարվածից հետո անմիջապես շրջանառության մեջ դրվեց վարկածը, թե սպանության հեղինակը կարող է լինել Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Ու քանի որ Գյումրիում դեռ թարմ է ավելի քան երեք տարի առաջ Ավետիսյանների ընտանիքի սպանության հիշողությունը /սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտվեց ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը/, արյունոտ միջադեպին կրկին ռուս զինծառայողի մասնակցության վարկածը միանգամից դարձավ քննարկումների առարկա, շրջանառվեց լրատվամիջոցներով՝ որպես հիմնական: Չնայած այդ վարկածը հաստատող որեւէ փաստարկ, փաստարկի նշույլ անգամ չներկայացվեց:
Կատարվածին արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, որ հայտարարություն տարածեց` հերքելով իրենց որեւէ զինծառայողի առնչությունը միջադեպին: «Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա ռազմավարական եւ ավանդական բարեկամական հարաբերություններում»,- ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:
Եթե անկեղծ, ապա առաջին հայացքից սովորական թվացող այս թյուրիմացությունն իրականում բավական լուրջ, հեռուն գնացող նպատակ էր հետապնդում. նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ տարածել: Մանավանդ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում մարդիկ հաճախ տեղի են տալիս զգացմունքներին` ետին պլան մղելով բանականությունը: Ըստ այդմ, ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ տարածելու բավական լավ հող կա: Թե ո՞ր ուժերին է ձեռնտու նման գործելաոճը, կարելի է միայն ենթադրել. այդ ուժերը քիչ չեն:
Հակառուսական տրամադրություններ սերմանելու համար այս պահը պատահական չի ընտրված. հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են իրավահավասարության սկզբունքի հիման վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ըստ էության միջազգային ասպարեզում ներկայանում է որպես ինքնիշխան երկրի ղեկավար: Միաժամանակ, պատահական չէ, որ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Պուտինի հետ հաճախակի շփումների մասին, նաեւ վերջերս Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում որոշում ընդունելը: ՀՀ-ում նախորդ շաբաթ նաեւ Լազարեւյան ակումբի նիստ էր տեղի ունեցել: Այսինքն՝ ոմանց, այնուամենայնիվ, նյարդայնացնում է այս ամենը, եւ փորձում են հարամել: