Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Այդ ընթացքում նա հասցրեց անդրադառնալ ամենատարբեր խնդիրների` յուրաքանչյուր հարցի պատասխանելով բավական մանրակրկիտ, բավական երկար: Ու ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները: «2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- հայտնի պատմությունը հիշեցրեց նա: Միաժամանակ Փաշինյանը նախազգուշացրեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզո՞ւմ մինչեւ վերջ, կբացենք ճշմարտությունը մինչեւ վերջ, եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:
Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը: Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը: Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում: Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին: Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել: Հիմա, փաստորեն, կրկին արդիական է դառնում հայտնի ցուցակների թեման, եւ, իսկապես, նոր իշխանությունների դեմ անազնիվ պայքարը` այս թեմայի շահարկումը, կարող է բերել նախկինների համար անդառնալի կորուստների:
Դատական համակարգում ուշագրավ դեպքեր են իրար հաջորդում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի դատավոր պատրաստվում են առաջիկայում վայր դնել իրենց լիազորությունները: Այդ դատավորների թվում շրջանառվում է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի եւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանի անունները: Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով. Վազգեն Ռշտունու՝ համակարգից դուրս գալը պայմանավորված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործով (ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը վերացրեց նրա խափանման միջոցը՝ կալանքը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը գործը կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության), ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է դիմել Ռշտունուն, սակայն նա գտնվում է արտերկրում:
Ինչպես հիշում եք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում: «Չգիտեմ. դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սեւացնելու եւ սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել»,- ասել է Պապիկյանը: Նա ասել է, թե քարոզարշավի ընթացքում ներկայացնելու են առաջիկա 5 տարիների անելիքները, նախորդ 6 ամիսների ընթացքում արածը: «Իհարկե, բաց չենք թողնելու նաեւ հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարմանը, իրենց արածը, չարածը եւ դրա հետեւանքները ՀՀ-ի վրա»,- ասել է նա:
Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում. սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Նկատենք, որ ակցիզային հարկը, դրա հետեւանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաեւ այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաեւ հաջորդ տարի: Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաեւ ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից: Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը:
ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Տպավորություն է, թե ՀՀԿ-ականները որոշել են նախընտրական այս շրջանում իրենց հայտարարություններով զվարճացնել հանրությանը: Օրինակ` ՀՀԿ ԳՄ անդամներից ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին` հայտարարելով. «Եթե նախկին իշխանությանն ասում են՝ դուք կոռուպցիայի մեջ եք եղել, հետեւաբար, չե՞ն կարող քննադատել այսօրվա կոռուպցիան: Ճիշտ հակառակն է: Իշխանությունը եթե խոսում է նախկին իշխանության կոռուպցիոն վիճակում գտնվելու մասին, նշանակում է` ինքը ոչինչ չունի ասելու իր՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Մեր իշխանությունն իսկապես ունի ասելու, թե ինչպես պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, որովհետեւ այդուհանդերձ մենք ունեցել ենք հաջողություններ այդ բնագավառում եւս»:
Փառահեղ է ասված: Ստացվում է՝ եթե նախկին իշխանությունները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ավելի շատ իրավունք ունեն խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Սովորաբար, քրեական իրավունքի մեջ կան «անկեղծ զղջում», «ինքնախոստովանական ցուցմունքներ» հասկացություններ, երբ հանցագործություն կատարած անձը խոստովանում է արարքը` այդպես օգնելով նախաքննական մարմնին բացահայտելու կատարվածը: Սովորաբար հետագայում պատժաչափը որոշելիս դատարանը նման պահվածքն ընդունում է որպես մեղմացուցիչ հանգամանք:
Հիմա ՀՀԿ-ականների դեպքում է: Երբ նրանք հայտարարում են կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելու իրենց իրավունքի, այդ կապակցությամբ ասելիք ունենալու մասին, հիշում ենք քրեական իրավունքի հայտնի նորմը. ի վերջո, կոռուպցիայի մասին ՀՀԿ-ականների հայտարարությունները կարելի է մի քանի խաչաձեւ հարցմամբ վերածել ինքնախոստովանական ցուցմունքների: Քսան տարի շարունակ թաթախված լինելով կոռուպցիայի մեջ` նախկին իշխանություններն ամենալավը կարող են ասել, թե որտեղ ինչ են արել, ինչպես են արել: Այնպես որ, իսկապես պետք չէ ՀՀԿ-ականներին զրկել նման հնարավորությունից:
Բայց ՀՀԿ-ական գործչի ուշագրավ հայտարարությունները միայն այսքանով չեն սահմանափակվում: Պարզվում է՝ ՀՀԿ-ականների տրամաբանությամբ` իշխանությունը, եթե խոսում է նախկինի կոռուպցիայի մասին, ոչինչ չունի ասելու իր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քսան տարի շարունակ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը պարզվում է` չի պատկերացնում, որ կարելի է իշխանավարել առանց հանցագործություն կատարելու, չի պատկերացնում, որ նոր իշխանությունները կարող են եւ կոռումպացված չլինել: ՀՀԿ-ականներին չես մեղադրի. նրանց համար ազնիվ գործելաոճն իրոք խորթ է: