ՍԵՎԸ ՄՆՈՒՄ Է ՍԵՎ, ՍՊԻՏԱԿԸ` ՍՊԻՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գալիք նախընտրական քարոզարշավի մասին զրուցել է «Իմ քայլը» դաշինքի շտաբի պետ Սուրեն Պապիկյանի հետ:

-Պարո՛ն Պապիկյան, ի՞նչ սկզբունքով են կազմվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակները:
-Կազմվել են կուսակցությունների քաղաքական մարմինների որոշմամբ: Իհարկե, կորիզը հեղափոխությանը մասնակցած քաղաքական կուսակցությունն է, տարբեր նախաձեռնությունների նաեւ քաղաքացիական ակտիվիստները, ինչպես նաեւ այն մասնագետները, որոնց մենք ներառել ենք, որպեսզի խորհրդարանական գործունեությանը իրենց նպաստը բերեն:
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինք է կազմել «Առաքելություն» կուսակցության հետ, սակայն «Իմ քայլը» դաշինքի ցուցակներում ընդամենը 5 հոգի է այդ կուսակցությունից: Ինչո՞ւ:
-Հատուկ որեւէ խնդիր չկա: «Առաքելության» մեր գործընկերները նաեւ Երեւանի ավագանու ցուցակում են եղել, ներկայացված են Երեւանի կառավարման համակարգում: Օրինակ, քաղաքապետի առաջին տեղակալը այդ կուսակցությունից է: Այսինքն` երկու կուսակցությունների փոխըմբռնման արդյունքում ունենք նման պատկեր:
-Ում ի՞նչ արժանիքի համար եք առաջարկել անդամագրվել կուսակցությանը:
-Չեմ անձնավորի հիմա: Ունենք տարբեր մասնագետներ` իրավաբաններ, միջազգային հարաբերությունների մասնագետներ, անձինք, ովքեր հետագայում տարբեր հանձնաժողովներում, այդ թվում նաեւ` խորհրդարանական պատվիրակությունների կազմում, ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը:
-Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ շատ քաղաքական ուժեր դժգոհում էին, որ քաղաքական դաշտը բաժանվել էր սեւերի եւ սպիտակների: Շարունակվելո՞ւ է նույն սկզբունքը:
-Քարոզարշավի ընթացքում կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում` չգիտեմ: Դա մարտավարական հարց է, թե ինչպես կընթանա քարոզարշավը: Մենք մեր առաջ դաշտը սեւացնելու եւ սպիտակեցնելու խնդիր չենք դրել: Այսինքն` բոլոր քաղաքական ուժերն էլ այն տեղում են, որում կան: Սեւը մնում է սեւ, սպիտակը` սպիտակ: Այլ է, թե հանրությունը ինչքան կուզենա դրա մասին լսել: Քանի որ հիմա մենք խորհրդարանական ընտրություններին ենք մասնակցում եւ գնում ենք առաջիկա 5 տարիներին Հայաստանը կառավարելու, բնականաբար, պետք է ներկայացնենք, թե ինչ ենք պատրաստվում անել եւ թե ինչ ենք արել նախորդ 6 ամիսների ընթացքում եւ, իհարկե, բաց չենք թողնելու նաեւ հիշեցնելու քաղաքական ուժերին, ովքեր մասնակցել են Հայաստանի կառավարմանը, իրենց արածը, չարածը եւ դրա հետեւանքները Հայաստանի վրա:
-Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավի ողջ ընթացքին: Եւ «Իմ քայլը» դաշինքը լինելո՞ւ է ՀՀ բոլոր մարզերում:
-«Իմ քայլը» դաշինքը լինելու է բոլոր մարզերում, բոլոր խոշոր բնակավայրերում, եւ պարոն Փաշինյանը մասնակցելու է ողջ քարոզարշավին:
-Արդեն որոշվա՞ծ է` թիմից ովքեր են ուղեկցելու նրան:
-Ես` որպես շտաբի ղեկավար, կուղեկցեմ նրան նաեւ ընդհանուր աշխատանքները համակարգելու, կոորդինացնելու նպատակով: Մեր այլ գործընկերներ, երբ կարողանան պոկվել իրենց քարոզարշավից, կմիանան մեզ, եւ, իհարկե, մեզ հետ կլինեն տվյալ տեղում եղող թիմերը: Յուրաքանչյուր մարզում մենք ունենք թե՛ թեկնածուներ եւ թե՛ ակտիվ, որոնք կմասնակցեն եւ կօգնեն մեզ:
-Պարոն Փաշինյանը առանձին սատարելո՞ւ է ռեյտինգային թեկնածուներին:
-Բնականաբար, մենք չենք կարող առանձնացնել որեւէ թեկնածուի. մեր բոլոր թեկնածուները մեզ համար հավասար են: Կներկայացնենք բոլոր ռեյտինգային թեկնածուներին, թող հանրությունը որոշում կայացնի: Ըստ էության, այս ընտրությունը ոչ միայն «Իմ քայլը» դաշինքի ընտրությունն է, այլ նաեւ այն է, որ մեր առաջին համարը պետք է լինի ՀՀ վարչապետը: Հանրությանը պիտի ազդակ տրվի, որ սրանով դու ընտրում ես այս անձին` որպես վարչապետ, իսկ եթե ընտրում ես այլ քաղաքական ուժի, ուրեմն նրա առաջին համարին ես ընտրում վարչապետ:
-Շատերը բողոքում են, որ եղանակային պայմանները հարմար չեն քարոզարշավի համար: Այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում քարոզարշավի անցկացումը:
-Ինչպես բոլորը, այնպես էլ մենք:
-Քայլելո՞ւ եք:
-Տեսնենք: Չեմ կարծում, որ ժամանակը թույլ է տալիս, որպեսզի քայլենք ամբողջ Հայաստանում, բայց կլինի ե՛ւ քայլերթ, ե՛ւ հանրահավաքներ: Մի փոքր կփորձենք կրեատիվ լինել, տարբեր հետաքրքիր բաներ ենք մտածել, պարզապես հիմա չենք բացի:
-Ռեյտինգայինը իրենից ենթադրում է պայքար նույն քաղաքական ուժի ներսում: Թեկնածուների մեջ ծագած կռիվները կանխելու համար ի՞նչ եք անում:
-Կարծում եմ` սա կարող է առողջ պայքար լինել: Մեզ մոտ խնդիր չկա դրված, որ սա կենաց ու մահու կռիվ է: Մեր հիմնական նպատակը այն է, որ մեր քաղաքական ուժը տպավորիչ հաղթանակ տանի եւ դրանով ամրագրի հեղափոխության արդյունքները: Մեր բոլոր գործընկերները տոգորված են հենց այդ մտքով: Եթե կլինեն ինչ-որ մանր խնդիրներ, կլուծենք: Շփումն ու քննարկումները ամեն ինչ լուծում են:
-Կուսակցությունից մարդիկ են նեղանում, գնում: Օրինակ կարող ենք բերել Արագածոտնի մարզից Գագիկ Կարապետյանին: Ինչի՞ հետ է սա կապված:
-Չեմ ուզի անձնավորել: Այո, կարող են լինել դժգոհ ընկերներ, բայց քաղաքական ուժը քննարկել է յուրաքանչյուրի` պատգամավոր դառնալու անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Ունենք ընկերներ, որոնք ցուցակում ընդգրկված չեն, որովհետեւ մենք նրանց տեսնում ենք այլ տեղում: Էնպես որ այստեղ վեճի կամ նեղանալու խնդիր չկա: Մենք գործ ունենք քաղաքական մարմնի որոշման հետ, եւ բոլորս այդ որոշումները պետք է ընդունենք ի գիտություն: Բոլոր նրանք, որոնք մտածում են` այդ որոշումները իրենց համար անընդունելի է, եւ այլ ճանապարհ են տեսնում, մենք միայն հաջողություն ենք մաղթում այդ ընկերներին: Մեր կուսակիցների թիվը հատել է 10.000-ի սահմանը, եւ մենք չենք կարող այդքան թեկնածուներ ունենալ: Բոլորն էլ ուզում են իրենց ձայնը ԱԺ-ից լսելի դարձնել, բայց ոչ բոլորի ցանկությունը կարող է իրականություն դառնալ. սա նորմալ է:
-Ձեր արդեն նախկին կուսակից Գեւորգ Աճեմյանը ասում է` որոշում է եղել, որ ինքը առաջադրվելու է, հետո փոխվել է, եւ նրան բացատրություն չի տրվել դրա հետ կապված: Ինչո՞ւ:
-Մեր բոլոր գործընկերներն էլ, որոնք հայտ են ներկայացրել, ընդգրկվել են նախնական ցուցակում, եւ բոլորի մասով մենք քննարկում ենք ունեցել: Դա քաղաքական ուժի ղեկավար մարմնի որոշումն է եղել, եւ այդ որոշումը կարող էր վերաբերել նաեւ ինձ կամ ուրիշներին: Մենք հիմա գնում ենք մի դաշտ ու սկսելու ենք քննարկել մեր տարբեր ընկերների ֆեյսբուքյան գրառումներն ու մեկնաբանությունները: Ես չեմ ուզում այդ դաշտ գնալ:
-Պարոն Աճեմյանը նշեց, որ ՔՊ-ն վերածվել է դիկտատուրայի, մեկը ասում է, մյուսները` անում: Սրա մասին ի՞նչ կասեք:
-Բնականաբար, դրա հետ համաձայն չեմ: ՔՊ-ն հայաստանյան քաղաքական դաշտ բերել է նոր մշակույթ. դա ներկուսակցական ժողովրդավարությունն է եղել: Գուցե նոր համագումարից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը: Հիմա կանոնադրության համաձայն` որոշումները ընդունում է վարչությունը, որը մեր կուսակիցների կողմից լիազորված մարմին է եւ իրավասու է որոշումներ ընդունել:
-Ձեզ տեսնո՞ւմ եք ապագա կառավարությունում:
-Ես ինձ պատկերացնում եմ այնտեղ, որտեղ իմ քաղաքական թիմը նպատակահարմար կհամարի: Եթե ՀՀ նորընտիր վարչապետը ինձ տեսնի կառավարությունում, այդ առաջարկը իմ կողմից կընդունվի: Բայց եթե անգամ չլինեմ ոչ մի տեղում, կշարունակեմ ծառայել այնպես, ինչպես ծառայում էի տարիներ առաջ:
-Այնուամենայնիվ, ո՞րն է Ձեր ցանկությունը:
-Իմ ցանկությունն է ծառայել Հայաստանի Հանրապետությանը բոլոր այն տեղերում, որտեղ իմ կարիքը կա:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

 

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
«Մենք» դաշինքը երեկ դրամահավաք-երեկո էր կազմակերպել, որին ներկա էին պատգամավորի թեկնածուները: Դաշինքի թեկնածուների թվում շատ են ազատամարտիկներն ու Երկրապահ կամավորական միության անդամները, իսկ ովքեր էլ չեն ընդգրկվել ցուցակներում, խոստացել են, որ առանձին ընտրատարածքներում սատարելու են նրանց: Դաշինքի 144 հոգուց բաղկացած ցուցակը խիստ բազմազան է, որի կազմում նաեւ այլ կուսակցությունների նախկին անդամներից եւս ներկայացուցիչներ կան: Հետաքրքիր է, որ Արարատ մարզի վարկանիշային թեկնածու Մանվել Ղազարյանը` «Վեդի Ալկո» ընկերության նախագահը, երեկ դրամահավաքին ներկա չէր, սակայն ուղարկել էր իր ընկերության արտադրանքը: Ղազարյանն Արարատում համարվում է մրցակից մյուս ուժերի ներկայացուցիչների համար: Ի սկզբանե այս դաշինքից Արարատի մարզում պետք է առաջադրվեր նաեւ Արամ Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը, սակայն առողջական խնդիրների պատճառով առաջադրումը չի եղել: «Մենք»-ն իր քարոզարշավը կմեկնարկի Տավուշի մարզից:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր գործարար Սիլվա Համբարձումյանին հրավիրել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր` 6-րդ վարչություն: Նա ԿՀԴՊ ԳՎ է հրավիրվել կաշառքի միջնորդության մեղադրանքով կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանի դեմ հարուցված քրեական գործով. Համբարձումյանն անցնում է նաեւ այս գործի շրջանակներում: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով գործարարին ազատ արձակելու հարցը: Այսօր պարզ կլինի միջնորդության ճակատագիրը՝ կբավարարվի այն, թե ոչ: Մինչ այդ նկատենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մայրապետյանի գործի մասին խոսելիս ասել է, թե դրանով կարող ենք առնչվել շատ խոշոր կոռուպցիոն խաչմերուկի հետ:

 

 

ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, ով մինչ այս զբաղեցնում էր գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը, բավականին բարձր աշխատավարձ է ստացել: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ «Mercedes-Benz C 250 CGI» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 8.5 մլն դրամ եւ 6500 դոլար: Որպես եկամուտ Գեւորգյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական ընդհանուր կազմել է 936 հազար դրամ: Բացի այս, Գեւորգյանը «այլ եկամուտ» էլ է ունեցել` մոտ 1 մլն 680 հազար դրամի չափով: Ի դեպ, գյուղատնտեսության նախարարի ԺՊ-ի կինը` Հռիփսիմե Մուշեղյանը, չի ներկայացրել դրամական միջոցների եւ եկամուտների վերաբերյալ հայտարարագիր:




Լրահոս