Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` որոշ դատավորներ մտադիր են առաջիկայում դատական համակարգից դուրս գալու դիմումներ ներկայացնել:
Այն, որ դատական համակարգում տեւական ժամանակ է՝ խժդժություններ են սկսվել, գաղտնիք չէ ոչ ոքի: Ինչպես հայտնի է, դատավորներից երկուսը՝ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը, դատի տվեցին Բարձրագույն դատական խորհրդին: Վերջիններիս այս քայլից հետո դատական համակարգում ԲԴԽ-ի որոշումների դեմ դատական հայցերը մեծ թափ առան եւ այս օրերին, ինչպես դատավորի թեկնածուները, այնպես էլ գործող դատավորները հայցեր են ներկայացնում դատարան ընդդեմ ԲԴԽ-ի:
Ազատման դիմումներ
Սակայն իրավիճակին զուգահեռ դատական համակարգում այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ ու խոսակցություններ են տարածվել, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, որին դատական համակարգում համարում են լավ իրավաբան, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, որին եւս համարում են պատրաստված իրավաբան, ինչպես նաեւ ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը դատական համակարգից ազատման մասին դիմումներ են գրելու: Ասել է թե` վերջիններս այլեւս չեն ցանկանում դատավոր աշխատել: Դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` դատավորները մասնավոր զրույցներում հայտարարել են, թե չեն ցանկանում այլեւս դատավոր աշխատել, քանի որ առավել նպատակային են համարում փաստաբանական գործունեությունը. դա բավականին շահութաբեր աշխատանք է, իսկ իրենք արդեն բավականին երկար տարիների փորձ ունեն եւ որպես փաստաբան առավել մեծ աշխատանք կարող են անել:
Սակայն դատական համակարգում հակված են կարծելու, որ դատավորները համակարգից գնում են, քանի որ չեն կարող աշխատել նոր իշխանությունների հետ նոր պայմաններում: Դատավորներից շատերը այն կարծիքն են, որ Վազգեն Ռշտունու` համակարգից դուրս գալը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնել եւ նրան ազատ արձակել` հիմք ընդունելով նրա անձեռնմխելիությունը, սակայն ՀՀ ՎՃռաբեկ դատարանը, քննելով գործը, այն կրկին ուղարկեց ՀՀ Վերաքննիչ դատարան նոր քննության: Ուստի Ռշտունին հետագա պատասխանատվությունից խուսափելու համար է որոշել լքել դատական համակարգը, մանավանդ, որ նրա անունը շրջանառվում էր թավշյա հեղափոխությունից հետո ի պաշտպանություն նախորդ իշխանությունների, նոր կառավարության դեմ սաբոտաժ անող իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների բուրգի կազմում:
Իսկ ինչո՞ւ պետք է դատական համակարգից ազատման դիմում գրի Մխիթար Պապոյանը: Ըստ տարածված խոսակցությունների` այս տարվա հուլիսի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ` 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը, սակայն նոյեմբրի 15-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը բավարարեց դատախազության կողմից ներկայացված բողոքը` գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, եւ Ղազարյանը կալանավորվեց: Ուստի դատական համակարգում կարծում են, որ նրա որոշումը կապված է այս հանգամանքի հետ:
Այսպիսով, դատական համակարգում անհասկանալի է մնում, թե ինչու է դատական համակարգից ցանկանում դուրս գալ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին` ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը տարածված խոսակցությունների իսկությունը փորձեց պարզել հենց դատավորներից:
Ինչպես հայտնի է, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում եւ մասնակցում է լեզվի դասընթացներին, եւ նրանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց: «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է հրապարակել Վազգեն Ռշտունու տեսակետը իր անվան շուրջ դատական համակարգում տարածված լուրերի վերաբերյալ:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները,որ ինքն աշխատանքից ազատման դիմում է գրելու, պատասխանեց՝ «Ոչ»:
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ավելի ուշ վերջինիս գործավարուհին զանհագարեց եւ փորձեց հասկանալ խնդիրը: Վերջինիս ներկայացրեցինք մեզ հասած տեղեկությունը, որի արդյունքում Մխիթար Պապոյանի գործավարուհի Սոնան ասաց. «Մենք կխոսենք, եթե պարոն Պապոյանը կարձագանքի, մենք էլ Ձեզ կասենք»: Բայց այդպես էլ Պապոյանը չարձագանքեց:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ԱՆՊԱՏԻԺ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց: «Ժողովուրդ» օրաթերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով: Գրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հոկտեմբերի 18-ին ավագանու անդամների ներկայությամբ ծեծել էր ավագանու անդամ Լյովա Արզանյանին. միջադեպին նախորդել է վիճաբանություն Ներքին Խնձորեսկի խնդիրների, ինչպես եւ համայնքում վաճառված հողերի շուրջ:
Ավագանու ծեծված անդամ Լյովա Արզանյանը, որի բջջայինը օրեր շարունակ անջատված էր, եւ դեռ ավելին` վերջինիս հայրը նշել էր , որ որդին տուն չի գալիս, կատարվածից 10 օր անց իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Գորիս համայնքի բնակիչնե՛ր, վերջերս սոց ցանցերում եւ լրատվական կայքերում ստահոդ տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե իբրեւ ես տեղեկություններ եմ հայտնել ոստիկանություն, որ ինձ մարմնական վնասվածքներ են հասցրել, չի համապատասխանում իրականությանը, չի եղել նման բան, հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ: Հարգանքներով՝ Լյովա Արզանյան»:
Ուշագրավ է, որ շուրջ 10 օր անց միայն ավագանու անդամը խախտեց լռությունը: Ըստ Գորիս համայնքում տարածված խոսակցությունների` նա տուն չէր գնում, որպեսզի ընտանիքի անդամները եւ առհասարակ ծանոթները չտեսնեն դեմքի շրջանում ստացած վնասվածքների հետքերը: Իսկ հիմա նա ասում է, թե իրեն չեն ծեծել, եւ իրավապահ համակարգը կատարվածին որեւէ ընթացք չտվեց: Իսկ թե ինչու ավագանու անդամը չբողոքեց քաղաքապետի դեմ, դժվար չէ կանխատեսել:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵ՞Ր
Նոյեմբերի 17-ին ինքնասպանություն էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արայ գյուղի բնակիչ, 35-ամյա Արթուր Քոչարյանը Դավիթաշենի կամրջից ցած էր նետվել: Ըստ նրա բարեկամների` կամրջից իրեն նետելուց առաջ Արթուրը զանգահարել է կնոջը եւ ասել, որ իրեն կամրջից գցելու է: Ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա արդեն ցած էր նետվել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Արթուր Քոչարյանը ընտանեկան խնդիր է ունեցել եւ դեռ ավելին` ընտանիքը հայտնվել է ամուսնալուծության եզրին: Միգուցե դա էլ եղել է պատճառը, որ նա կամրջից ցած նետվելուց առաջ զանգահարել է կնոջը եւ հետո ինքնասպան եղել: Վերջինս ուներ մեկ դուստր: Նշենք, որ Արթուր Քոչարյանը Արայ գյուղի նախկին գյուղապետի որդին է:
15 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի: Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում 2018թ. ապրիլի 22-ին հարուցվել էր քրեական գործ: Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ: Ըստ ՀՀ ՔԿ-ի` քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, որոնցից 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, 4-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավը, իսկ 1 անձ գտնվում է հետախուզման մեջ: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների պատասխանատուներ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը: Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների եւ ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների եւ դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:
ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մինասյանի կարծիքով` վեց ամիսների տվյալներով իշխանությունները տնտեսական ոլորտում խոստացված արդյունքների կատարումը չեն ապահովել: Ըստ նրա` իներցիոն տնտեսության մասին հայտարարությունները, իսկ առավել եւս` հեղափոխական թռիչքի մասին, անհիմն են. «2017-ին գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, 2018-ին կանխատեսվում է 6.5 տոկոս աճ, իսկ 2019-ին` ընդամենը 4.9 տոկոս: Սպասվում է, որ կապիտալների ներդրումների ոլորտում 2018թ. աճը կկազմի 32.7 տոկոս, մինչդեռ առաջին կիսամյակում այդ թիվը կազմել էր 76.1 տոկոս: 2019-ին աճը կկազմի 6.1 տոկոս: 2018-ի առաջին կիսամյակում մասնավոր ներդրումների աճը կկազմել է 86.9 տոկոս, 2018-ին սպասվում է 52 տոկոսի աճ, իսկ 2019-ին այդ ցուցանիշը կկազմի ընդամենը 3 տոկոս: Սա նշանակում է, որ գործ ունենք ակնհայտ հետընթացի հետ»: Մինասյանը նշել է, որ նման ցուցանիշներով աշխատավարձերի եւ բնակչության կենսամակարդակի բարձրացման մասին, բնականաբար, չի կարելի խոսել: