ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՂԻՆ ՈՒ ԾԽԱԽՈՏԸ ԿՐԿԻՆ ԿԹԱՆԿԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆինանսների նախարարության` Հարկային օրենսգրքում եւ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծերը զայրացրել են հանրությանը: Այսպես, գործադիրը առաջարկում է համահարթեցնել եկամտահարկի դրույքաչափերը: Բացի այս, պարտադիր կուտակայինի մասնակից հանդիսացող քաղաքացու եւ պետության հատկացումների հարաբերակցությունը կհավասարեցվի:

Ըստ ՖՆ-ի` 2020 թվականի հունվարի 1-ից կպարզեցվի փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Առաջարկվում է նաեւ 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել արտոնագրային հարկի համակարգը եւ դրա շրջանակներում ներկայումս հարկվող գործունեության տեսակների հարկումը կազմակերպել ընդհանուր սկզբունքներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը հնարավոր է անցում կատարի եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2019 թվականի հուլիսի 1-ից այն սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար կնվազեցվի 20 տոկոս:
Ի դեպ, շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով հաջորդ տարվա հուլիսի 1-ից սկսած` կբարձրանա ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել: Միաժամանակ սա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքն է, քանի որ Հայաստանը հարկային ու մաքսային դրույքաչափերը պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ դրույքաչափերի հետ: Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինը այս տարվա հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն հաջորդ տարում օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափի թանկացումից: Բայց մյուս կողմից` արդյունքում կբարձրանա նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից կբարձրանա` դառնալով 6000 դրամ:
Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը` որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ եւ ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, ՖՆ-ն նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը: Հարկ ենք համարում ավելացնել, որ օրեր առաջ կառավարությունը չընդունեց գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների համար սահմանված ակցիզային հարկը հավասարեցնելուն ուղղված նախագիծը: Մինչդեռ նախագծով հավասար մրցակցային դաշտ կստեղծվեր գարեջուր ներկրողների եւ տեղական արտադրողների միջեւ: Մյուս կողմից` նկատենք, որ վերջին շրջանում Հայաստանը սկսել է մեծ քանակությամբ գարեջուր ներկրել Ռուսաստանից: Ասել է թե` ռուսական գարեջուրը «գրավել է» տեղական շուկան: Իսկ գարեջրի ներկրման ծավալների աճը պայմանավորված է ներմուծվածի մաքսային արժեքների նվազման հետ: Բացի այս, նախկինում ակցիզային հարկի արժեքային դրույքաչափը չի գործել: Ներմուծված գարեջրի ակցիզային հարկը վճարվել է` սկսած 2015 թվականից, 1 լիտրը 105 դրամ դրույքաչափով: Իսկ ահա տեղական արտադրության համադրելի գարեջրի 1 լիտրի դիմաց վճարված ակցիզային հարկի միջին դրույքաչափը կազմել է 112-115 դրամ: Այսինքն` տեղական արտադրողը յուրաքանչյուր լիտրի դիմաց ավելի է ակցիզային հարկ վճարում, քան ներկրողը:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կվերանայվի 301 եւ ավել ձիաուժ ունեցող մեքենաներից շրջակա միջավայր արտանետումների համար բնապահպանական հարկի դրույքաչափը: Այս դեպքում մեկ ձիաուժի համար նախատեսված 50 դրամը կսահմանվի 150 դրամ: Իսկ շրջանառության հարկի շեմը կմնա անփոփոխ` 115 մլն դրամ:
Նաեւ ֆինանսների նախարարությունը մտադիր է 2020 թվականի հունվարի 1-ից վերանայել շահումով խաղերի եւ տոտալիզատորի կազմակերպման (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերի ինտերնետ տոտալիզատորի) գործունեության հարկման մոտեցումները: Առաջարկվում է այդ գործունեության տեսակների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ:
Ըստ ՖՆ-ի` եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար կվերականգնվի կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: Այսպես, 2020 թվականի եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով կնվազեցվի շահութահարկի դրույքաչափը եւ կսահմանվի 18 տոկոս: Կնվազեցվի ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների հարկման դրույքաչափը` 10 տոկոսի փոխարեն սահմանելով 5 տոկոս:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԵԹԵՐԱԺԱՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը: Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի` ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ եւ Հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով:
Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ տրամադրվում է ժամը 19:30-ից: Հանրային ռադիոյով եթերաժամ կտրամադրվի ժամը 13:30-ից եւ ժամը 19:45-ից: Տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով` նշված ժամանակահատվածը կարող է տեղաշարժվել ոչ ավելի քան 30 րոպե: Ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով Հանրային հեռուստատեսությունը տրամադրում է 30 րոպե անվճար եւ 60 րոպե վճարովի եթերաժամ, ընդ որում` նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ` օրը 2 րոպե անվճար եւ 5 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ` օրը 3 րոպե անվճար եւ 5 րոպե վճարովի: Հանրային ռադիոն ընտրություններին մասնակցող կուսակցությանը, դաշինքին տրամադրում է 60 րոպե անվճար եւ 90 րոպե վճարովի եթերաժամ, ընդ որում` նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը ներառյալ` օրական երկու անգամ` 2 րոպե անվճար եւ 3 րոպե վճարովի, դեկտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ` օրական երկու անգամ` 3 րոպե անվճար եւ 4 րոպե վճարովի, դեկտեմբերի 5-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը ներառյալ` օրական երկու անգամ` 3 րոպե անվճար եւ 5 րոպե վճարովի հիմունքներով:

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ: Երեւանում այսօր կլինի առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը` +10+13:




Լրահոս