ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, չսպասելով մինչեւ դատարանն իր գործի վերաբերյալ որոշումը կուղարկի քննիչին, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ՀՀ ազգային անվտանգության շենքում գտնվողն «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ Քոչարյանը այս պահին այնտեղ է և սպասում է, թե երբ քննիչը բերի համապատասխան որոշումը:
«Դրա համար պարոն Քոչարյանն այս պահին այստեղ չի: Եթե նա ազատության մեջ լիներ, եւ ինքը որոշումը կայացնողը լիներ՝ գալ-չգալու, ես չգիտեմ՝ ինքը կգա՞ր էստեղ, թե՝ չէր գա, ես դա ասել չեմ կարող»,- ասաց Ալումյանը:
ՀՀ վերաքննիչ դատարանը վճռել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել անփոփոխ:
Առաջին ատյանի դատարանը նախկինում որոշել էր որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանքը:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: