Շահում են իրենք, շահում է պետությունը. խոշոր ձկների ազատության գինը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որ մեղադրվում է ապօրինի հարստացման եւ ապօրինի եկամուտների օրինականացման համար եւ գտնվում է կալանավայրում, հայտարարություն է տարածել` պատրաստակամություն հայտնելով 6 մլն դոլար փոխանցել պետությանը:

Թեեւ հայտարարության մեջ Ղազարյանը պնդել է, որ իրենց տանը հայտնաբերված կանխիկ գումարը, նաեւ իր ու կնոջ բանկային հաշիվներում առկա միջոցների ծագման աղբյուրներն օրինական են, ստացվել են մինչեւ ՀՀ քրեական օրենսգրքում ապօրինի քրեական հարստացում հասկացությունը սահմանելը, այնուամենայնիվ, պատրաստակամություն է հայտնել 6 մլն դոլարը նվիրաբերել:

«Ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաեւ կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից` քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները` մոտ 6 միլիոն դոլարի չափով, փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»,- ասել է նա: Հատկանշական է փաստը, որ Ղազարյանն այս հայտարարությունը տարածել է երեկ, երբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել իր կալանքը երկարաձգելու համար: Ու որքան էլ նա պնդում է` գումարը պատրաստ է ներկայացնել անկախ խափանման միջոցից, ակնհայտ է` սա իր ազատության գինն է:

Տեղի ունեցողն ուշագրավ է մեկ առումով. թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտրարել է, որ միջոցներ է ձեռնարկելու նախկին իշխանություններից վերադարձնելու ժողովրդից թալանվածը, ընդ որում` վերադարձնել «կոպեկ առ կոպեկ»: Նա մի քանի անգամ հրապարակային ելույթներում նման հորդորով դիմել էր նախկին իշխանության ներկայացուցիչներին: Եւ հիմա հարուցված քրեական գործերի շրջանակներում կարծես սկսվել է այդ գործընթացը. ՍերԺ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել պետական բյուջե փոխանցել իր հաշվին եղած 30 մլն դոլարը, որի վրա կալանք է դրված:

Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանն էլ իր հերթին հայտարարել է Երեւանի «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետությանը նվիրելու մասին: Իրեն պատկանող անշարժ գույքի մի մասը պետությանը նվիրելու մասին հայտարարել է նաեւ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանը. խոսքն այն անշարժ գույքի մասին է, որի ձեռք բերման օրինականությունը կասկածի տակ է: Կարճ ասած` հիմա բոլորը շտապում են վճարել համապատասխան գումար, միայն թե հայտնվեն ազատության մեջ: Շահում են իրենք, շահում է պետությունը:




Լրահոս