Դեկտեմբերի 21-ին թեժ է լինելու. անդամներից մեկի տեղը մնացել է թափուր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի անդամներից մեկի տեղը մնացել է թափուր: Դեկտեմբերի 21-ին կրկին ԲԴԽ անդամի քվեարկություն կանցկացվի, որը, ըստ դատական համակարգում տարածված տեղեկությունների, «թեժ է լինելու»:

Ինչպես հայտնի է, Ռուզաննա Հակոբյանը հրաժարվել էր ԲԴԽ անդամ լինելուց: Հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել նրան վեց տարի ժամկետով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ նշանակելու մասին:

Արդյունքում ԲԴԽ անդամ դառնալու համար իրենց թեկնածություններն էին առաջադրել երեք դատավոր` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներ Նախշուն Տավարացյանը, Ստեփան Միքայելյանը եւ Սուրեն Անտոնյանը: Քվեարկության արդյունքում հայտարարվել է, որ ԲԴԽ անդամ է ընտրվել Նախշուն Տավարացյանը, սակայն դատական համակարգում խառնաշփոթ էր ստեղծվել, դատավորները սկսել էին դժգոհել` ասելով, թե Նախշուն Տավարացյանն ընտրվեց ԲԴԽ անդամ, քանի որ Գագիկ Հարությունյանն է ցանկացել, որ այդպես լինի: Այս խոսակցությունների հետեւանքով Նախշուն Տավարացյանը որոշել էր ինքնաբացարկ հայտնել:

Ավելին, հենց դատավորը մեզ հետ զրույցում ասել էր. « Այդ ամենին ես, ականատես լինելով, դա իմ ընտանիքն է, ո՞վ կցանկանա, որ իր ընտանիքում անառողջ մթնոլորտ լինի, ասեցի` հանգստացե՛ք իմ գործընկերներ, ես հրաժարվում եմ, եթե իմ ընտրվելը ձեզ մոտ անհամերաշխություն է առաջացնում, ես հրաժարվում եմ: Ընդամենը այսքան բան, այլ բան չկա»:

Եվ ահա դեկտեմբերի 21-ին նշանակվել է ԲԴԽ անդամի ընտրության օր: Սակայն մինչ այդ ԲԴԽ անդամ դառնալու համար դատավորների միջեւ կռիվ է ընկել: Մասնավորապես, դատական համակարգը չգիտի` ինչպես կամակերպի ԲԴԽ անդամի ընտրության ընթացակարգը:

Բանն այն է, որ Նախշուն Տավարացյանից հետո ավելի շատ ձայն էր հավաքել Սուրեն Անտոնյանը եւ վերջինս ներկա պահին ձգտում է, որ առանց ընտրության իրեն մեխանիկորեն նշանակեն ԲԴԽ անդամ: Սակայն դրան ընդդիմանում է մյուս թեկնածուն` Ստեփան Միքայելյանը: Նա էլ պահանջում է անցկացնել ԲԴԽ անդամի նոր ընտրություն, այլապես կխախտվի ԲԴԽ անդամի ընտրության ընթացակարգը: Ի վերջո, ինչպես այն կիրականացնի, վերջապես ԲԴԽ անդամ կընտրվի, թե ոչ, սպասենք զարգացումներին: Ի վերջո, պաշտոնակռիվ է մի տեղի համար, որը զբաղեցնող անձն ապահովվում է բարձր աշխատավարձով, անսահման լայն հնարավորություններով:

Քնար Մանուկյան




Լրահոս