Վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը բավական ծանր ժառանգություն է բաժին հասել: Խոսքը միայն ներքին խնդիրների մասին չէ, այլ շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան` կապված արտաքին քաղաքական ճակատի հետ: Մարտահրավերներ, որոնք ստեղծվել են գերտերությունների, մասնավորապես` Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության հետեւանքով: Ու հիմա գերտերություններից յուրաքանչյուրը փորձում է Հայաստանին «իր կողմը քաշել»:
Դրա վկայությունն է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հարցազրույցը, երբ ասել է, թե Մոսկվան հույս ունի՝ ՀՀ նոր ղեկավարությունը քաջություն կունենա դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին ու ճնշմանը, ինքնուրույն որոշումներ կկայացնի: Միաժամանակ, նա նշել է, որ ԱՄՆ նախագահի ԱԱ հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայ ժողովրդի պատմական փորձը նվաստացնող հայտարարություն է արել, երբ խոսելով հայ- ռուսական բարեկամության մասին` այն կոչել է պատմական կաղապար:
Իհարկե, Բոլթոնն իր հարցազրույցում որեւէ երկրի անուն չէր հիշատակել, այլ միայն ասել էր, որ «Ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում եւ չկաշկանդվել պատմական կաղապարներով»։ Սակայն ՌԴ ԱԳ փոխնախարարը հիմա պնդում է, որ այդ խոսքերն իրենց դեմ էր ուղղված: «Եթե այսպիսին է հայ-ամերիկյան հարաբերությունների հրապարակային կողմը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե ինչ է կատարվում կուլիսների հետեւում», – նշել է նա:
Իր հերթին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանում հայ-իրանական կապերի մասին խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, թե Վաշինգտոնը Երեւանի վրա ճնշում է գործադրել Իրանի հետ կապերը կրճատելու նպատակով: Բայց, ըստ Թումանյանի, բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն հասկացել է, որ Իրանի հետ հարաբերությունները մեծ նշանակություն ունեն ՀՀ-ի համար:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ ՀՀ-ն գերտերությունների համար կռվախնձոր է դարձել, եւ սա վերջին ժամանակներս երեւում է անթաքույց: Եթե նկատի ունենանք ԼՂ հակամարտության առկայությունը, դժվար չէ կռահել նման հայտարարություններ հնչեցնելու պատճառը:
Կարասինի հայտարարություններին հետեւել է ՀՀ պատասխանը. նախ` ՀՀ ԱԳՆ-ն խոսնակի միջոցով ասվել է, որ ՀՀ-ն միջազգային հարաբերությունները կառուցում է ինքնիշխան հավասարության սկզբունքի հիման վրա, երկկողմ հարաբերությունները երրորդի հաշվին չեն կառուցվում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նման պնդում է արել` ասելով. «ՀՀ-ն վարում է ինքնուրույն քաղաքականություն, եւ կարծում եմ, որ եթե ոչ բոլորը, ապա շատերն են դա տեսնում: Եվ ՀՀ այդ քաղաքականությունը շարունակվելու է»: