Ինչը դրդեց գլխավոր դատախազին հրաման ստորագրել. ում են փորձել համաներմամբ ազատ արձակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանը, պարզվում է, բավական խորը ամրատներ ունի: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը բացահայտումներ է արել` համաներման գորընթացի հետ կապված, ինչը մտահոգության տեղիք է տվել:

Այսպիսով, համաներում հայտարարելուց հետո իրավապահները բազմիցս հորդորել եւ զգուշացրել են հասարակությանը լինել զգոն իրենց բնակարանների, գույքի նկատմամբ, քանի որ գողությունների, կողոպուտի, հափշտակությունների դեպքերի աճ է արձանագրվել:

Եվ, ահա, այս հրապարակումից երկու շաբաթ հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաման ստորագրեց «2018թ. նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառման գործընթացի օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ:
Հրամանի նպատակն է դատախազական ներգործության գործիքակազմի միջոցով ապահովել համաներում հայտարարելու մասին օրենքի` ողջամիտ ժամկետներում եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով ճշգրիտ ու միատեսակ կիրառումը:

Սահմանվել է, որ դատախազության համապատասխան ստորաբաժանումներում դատախազների կողմից մանրակրկիտ պետք է ուսումնասիրվեն մինչդատական քրեական վարույթում գտնվող քրեական գործերով համաներման մասին օրենքի կիրառման արդյունքում ընդունված որոշումները, ինչպես նաեւ առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված, անմիջական դատախազական հսկողության տակ գտնվող քրեական գործերով նույն օրենքի կիրառմամբ կայացված դատական ակտերը:

Ուսումնասիրության արդյունքում համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերելիս ձեռնարկվելու են դրանցից բխող դատախազական ներգործության միջոցներ: Մասնավորապես, եթե առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններում քննված քրեական գործերով համաներման մասին օրենքի սխալ կիրառման դեպքեր հայտնաբերվեն, պարտադիր քննարկման առարկա կդարձվի դատական այդ ակտերը բողոքարկելու հարցը…:

Արթուր Դավթյանի կողմից խնդիր է դրվել պարբերաբար եւ հնարավոր սեղմ ժամկետներում զեկուցել համաներման մասին օրենքի կիրառման օրինականության ապահովման ընդհանուր վիճակի, ինչպես նաեւ դատախազների եւ դատախազության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքների մասին:

Տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը պարզապես ցանակցել է հսկողություն իրականացնել, որպեսզի համաներման անվան տակ այլ անձանց ազատ չարձակեն, եւ ամեն ինչ արվի օրինական ճանապարհով: Սակայն պարզվում է` այս հայտարարությանը նախորդել են բավական ուշագրավ դեպքեր:

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները բացահայտել են, որ համաներման անվան տակ փորձեր են արվել ազատ արձակել կոնկրետ անձանց, որոնց վրա համաներումը չէր տարածվում: Ավելին, գործընթացը հասել է «վերեւներ», որից հետո կանխվել է, ուստի հետագա նման դրսեւորումները կանխելու նպատակով էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է հրաման ստորագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասին տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Համաներման օրենքի պահանջները կիրառվում են` հետաքննության, նախաքննության կամ իրավասու այլ մարմինների, դատարանների կողմից համապատասխան դատավարական ակտեր կայացնելով, որոնց օրինականությունը ստուգվում է դատախազության կողմից: ՀՀ գլխավոր դատախազի հրամանը միտված է այդ գործընթացի համակարգվածությունը եւ արդյունավետությունը բարձրացնելուն»:

Ի դեպ, Համաներման մասին օրենքի կիրառման վերջնական արդյունքները կամփոփվեն մինչեւ 2019թ. փետրվարի վերջ: Այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին կներկայացվի հաղորդում: Հուսանք այս ժամանակ հայտնի կդառնա, թե ինչ է տեղի ունեցել: Մինչ այդ, նկատենք` իրավապահ մարմիները շարունակում են բարձրաձայնել համաներումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Մասնավորապես, գրեթե ամեն օր գողությունների, կողոպուտի դեպքերի օրեցօր ավելացումը խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծել իրավապահների շրջանում: Վերջիններս նշում են, որ իրավապահների գիշերային ծառայությունը պետք է ուժեղացվի հնարավոր վտանգները բացառելու համար: Պատահական չէր, որ ՀՀ կառավարության վերջին նիստից հետո ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել էր.«Այս պահի դրությամբ չեմ կարող հստակ ասել, բայց կան այնպիսիներ, որ կրկնակի հանցագործություն են կատարել: Մենք հունվարին ձեզ կհրավիրենք, եւ այն մտահոգությունները, որոնք կան, թե ՀՀ-ում տեղի է ունենում հանցավորության աճ, մանրակրկիտ ասուլիս կհրավիրենք, ինքներդ էլ կհամոզվեք, որ դա իրականությանը չի համապատասխանում: Աճ կա, բայց դա համահունչ է, ինչպես մյուս պետություններում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս