Դեկտեմբերի 21-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ էին իրականացնում: Նրանք բողոքի ակցիա էին սկսել կառավարության նոր նախաձեռնության կապակցությամբ, ըստ որի նախատեսվում է օպտիմալացման հետեւանքով հանել մշակույթի նախարարությունը, միացնել մի քանի նախարարություններ: Նախագծում շրջանառության մեջ է դրվել ՀՀ մշակույթի, սպորտի նախարարությունների միացում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը եւ միասնական սուպեր-նախարարության ստեղծում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն անվամբ:
Աշխատակիցները հայտարարել են, որ պայքարելու են մինչեւ վերջ։ Նրանք նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց։ Աշխատակիցները վրդովված են, որ իրենց մասնակցությամբ մասնագիտական, հանրային քննարկումներ չեն անցկացվել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է աշխատակիցներից երկուսի հետ:
Մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, որը գործադուլի մասնակիցներից է, մեզ տեղեկացրեց, որ նամակը Փաշինյանին ուղարկելուց հետո մինչեւ երկուշաբթի օրը ժամանակ են տվել կառավարությանը՝ հստակ դիրքորոշում ներկայացնելու եւ իրենց հյուրընկալելու, հանդիպումներ կազմակերպելու համար:
«Պետք է հասկանալ՝ ինչն ենք ինչին ածանցում: Մշակույթը չի կարող լինել երկրորդական, երրորդական ոլորտ: Դա նույնն է, թե պաշտպանության նախարարությունը միացնես Սոցիալական հարցերի նախարարությանը: Այսօր մեր կրթական ոլորտն առանց այդ էլ ողբերագական վիճակում է, գիտական ոլորտը տապալված է, հիմա ի՞նչ իմաստ ունի այդ նախարարությանը լրացուցիչ ծանրաբեռնվածություն տալը:
Այդպիսով երեք բնագավառ միանգամից ոչնչացնում ենք: Այնինչ դրանցից յուրաքանչյուրը հսկայական գործառույթ ունի: Ինչու՞ չեն, ասենք, բնապահպանության նախարարությունը միացնում գյուղատնտեսության նախարարությանը: Դրանով ապագա սերունդների ինքնությունը որեւէ կերպ չէր վնասվի: Իսկ այս պարագայում վնասվում է: Կիսատ-պռատ քաղաքականություն մշակելով ինչպե՞ս եք պատկերացնում մեր հետագա գործունեությունը»,- մեկնաբանեց տիկին Մարգարյանը:
Նրա խոսքով՝ նույնիսկ տեղին չէ քննարկել՝ հազարամյակների մշակույթ ունեցող երկրին մշակույթի նախարարություն պետք է, թե ոչ. «Անկախության ձեռքբերումից ի վեր առաջին տասնամյակում մենք հազիվ կարողանում էինք պահպանել մեր ենթակառուցվածքները, արդեն երկրորդ տասնամյակում մեր առջեւ ենթակառուցվածքները զարգացնելու խնդիր ենք դրել: Հիմա ի՞նչ փակելու մասին է խոսքը: Մշակույթը հզորացնելու մասին է պետք մտածել»,- շեշտեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, թատերագետ Նաիրա Եղիազարյանը գործադուլի առիթով գրառում է կատարել, որտեղ նշել է. «Տեսնում եմ նախկին գործընկերներիս վրդովմունքը ու զարմանում. ի՞նչ է չգիտեիք, որ այսպես պիտի լիներ։
Սա շատ սպասված ու կանխատեսելի որոշում էր։ Ասում եք՝ մշակույթի համար ե՞ք անհանգստացած։ Կներեք, բայց ինչ-որ չեմ հավատում, որովհետեւ եթե մշակույթի համար է, ապա ձեր պայքարը դեռեւս այս տարվա սկզբին պիտի սկսած լինեիք, երբ նախկին նախարար Արմեն Ամիրյանը` իր սինթետիկ ժպիտով ու չարաբաստիկ որոշմամբ փակեց «Գիրք» ՊՈԱԿ-ը, Հայաստանում եզակի` Երաժշտագիտական գրադարանն ու 90-ամյա Գրապալատը։ Ցավոք, այն ժամանակ ձեզանից ոչ ոք չընդվզեց, չբողոքեց, հակառակը չհամոզեց, չբացատրեց, որ չի կարելի փակել երեք կազմակերպություն, որոնք գրքին են նվիրված ու գիր ու գրականությամբ են զբաղվում»։
Տիկին Մարգարյանն այս առթիվ մեկնաբանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք չենք պայքարել, բողոքի ձայն չենք բարձրացրել, երբ փակվեց, օրինակ, Գրապալատը: Մենք մեր կարծիքը հստակ ասել ենք, հիմնավորումները տվել ենք, այդ մասին ասել ենք Ամիրյանին, պարզապես մասնագիտական կոռեկտությունից ելնելով՝ աղմուկ չենք բարձրացրել»: Նա նաեւ հավելեց, որ նախարարության աշխատակիցները տարիներ շարունակ ահազանգել են, որ լրացուցիչ լծակների կարիք ունեն, որ պետք է վերահսկողական գործառույթներ տալ նախարարությանը:
Թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաեւ ազգագրագետ, գորգագետ Աշխունջ Պողոսյանի հետ, որը ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես գլխավոր մանագետ:
Նա պնդեց, որ մշակույթի նախարարությունը պետք է պահել եւ զարգացնել, բարելավել դրա գործունեությունը, ոչ թե փակել. «Տասնամյակներով պատրաստված կադրերին փողոց փակողներն են փոխարինելու՞:
Նրա՞նք պետք է մեր մշակույթին տեր կանգնեն: Ես չեմ հավատում: Թող կրճատումներ արվեն, կադրային զտում լինի, ավելորդ հաստիքներից թող ազատվեն, բայց նախարարությունը չի կարելի փակել: Եթե գերատեսչությունն արդյունավետ չի աշխատում, թող նախարարին փոխեն: Ընդհանրապես, Հայաստանում մշակույթի նախարարություն փակելը խելքից դուրս բան է: Դա կարող է անել միայն հայոց մշակույթի թշնամին: Թուրքերը միլիարդներ են ծախսում՝ մեր մշակույթը յուրացնելու համար, իսկ մենք նախարարություն ենք փակու՞մ: Սա՞ է մեր նոր իշխանության մոտեցումն ու ձեռագիրը»,-եզրափակեց պարոն Պողոսյանը:
Աննա Բաբաջանյան