ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է ՌԴ: Այցի ընթացքում նախատեսվում է նաեւ հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս հանդիպումից հետո թերեւս վերջնականապես կտրվի հանրությանը հուզող ամենակարեւոր հարցերից մեկը` գազի սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ: Բանն այն է, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվում է պայմանագրի ժամկետը, ըստ որի` գազի սակագինը սահմանին 1 հազար խմ դիմաց սահմանվել է 150 դոլար:
Նշենք, որ 2013 թվականին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին որոշմամբ եւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձեւավորման կարգի համաձայն` 2013 թվականից հենց ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Համաձայնագրերում նաեւ հետաքրքիր մեկ նախապայման նույնպես կա, որ, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Եվ հետաքրքիր է, որ ամռանն այնտեղ գազի սակագինը բարձրացել է, եւ նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել:
Փաշինյան-Պուտին հանդիպման եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:
-Հայտնի է, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի Դաշնություն կայցելի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով հանդիպում կունենա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ-ի համար կարեւոր խնդիրներից է գազի սակագնի հարցը: Ըստ Ձեզ` այդ հարցին անդրադարձ կլինի՞:
-Ես կարծում եմ, որ մինչեւ նրանց հանդիպումն այդ հարցն արդեն կարգավորված կլինի: Առհասարակ, գազի սակագնի հարցի շուրջ բանակցությունները տարվում են ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ, այլ ոչ թե պետության ղեկավարների մակարդակով: Նրանք կարող են ընդամենը քննարկած լինել հարցը, սակայն հարցը ռուսական կողմից լուծում է կառավարությունը:
-Այսինքն` Դուք կարծում եք` ամեն բան արդեն որոշվա՞ծ է:
-Դա չեմ կարող ասել, սակայն եւս մեկ անգամ կրկնեմ, որ դրանք կառավարությունների լիազորությունների շրջանակում են, այլ ոչ թե ՌԴ նախագահի իրավասության ներքո:
-Այդ դեպքում, ի՞նչ հարցերի շրջանակ է քննարկվելու:
-ՌԴ-ն շատ մեծ օրակարգ ունի, այդ թվում` տարածաշրջանային հարցերի առումով: Բացի այդ, Հայաստանի առումով դեռեւս պահպանվում են ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը: Մեր Սահմանադրության համաձայն` ներքին եւ արտաքին քաղաքականությունների պատասխանատուն նախագահն է, եւ ՀԱՊԿ-ի հարցին եւս անդրադարձ կլինի:
-Սակայն պայմանագրի ժամկետը վերջանում է, եւ գազի նոր սակագին պետք է լինի: Դուք ասացիք` կառավարությունների մակարդակով է կատարվում, սակայն գաղտնիք չէ նաեւ, որ քաղաքական որոշումներ են կայացվում: Հիմա այս պարագայում ինչպիսի՞ քաղաքական որոշման պետք է սպասել:
-Աշխարհում չկա գազային բիրժա, նման բան գոյություն չունի: Եվ այդ պատճառով աշխարհում բոլոր գազերի սակագները քաղաքական որոշման արդյունք են: Միշտ էլ գները քաղաքական են լինում: Այդ պատճառով գազի սակագինը որոշվում է` ելնելով երկկողմանի քաղաքական նախադրյալներից:
-Հիմա ինչպիսի՞ նախադրյալներ են առկա:
-Գլխավոր նախադրյալը, որն ազդում է գազի սակագնի վրա, ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին է: Եվ այդ պատճառով էլ ՌԴ-ի ներսում գազի այլ սակագին է, արտահանման համար` մեկ այլ: Ուրիշ գործոններ չկան: Եթե որեւէ մեկը զեղչ է անում, ապա պետք է հասկանալ, թե ով պետք է այն վճարի եւ ինչով: Ահա եւ վերջ:
-Հայաստանի համար գազի սակագնի ձեւավորման առումով ինչպիսի՞ նախադրյալներ եք տեսնում:
-Որքան ես հիշում եմ, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Վլադիմիր Պուտինին պատմել «Գազպրոմի» հետ պայմանագրի դրվագների մասին, որոնք ձեւավորել էին գազի սակագինը, եւ որը նրա խոսքով բարձր էր: Սակայն մինչեւ այժմ ես ոչինչ չեմ կարդացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կպատմեր այդ ամենի մասին: Ես չեմ կարող ասել, թե այժմ ինչպիսի որոշում կլինի Հայաստանի համար, եւ, իհարկե, դա մեծամասամբ կախված է լինելու մինչ այժմ ընթացող գործընթացներից:
-Իսկ ՌԴ-ի քաղաքականությունն ու դիրքորոշումն այդ հարցում ինչպիսի՞ն է:
-Ռուսաստանն այժմ գազի սակագնի շուրջ բանակցություններ է անցկացնում նաեւ Բելառուսի հետ: Եվ կարող եմ ասել, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններն ընթանում են զուգահեռ, եւ այստեղ Բելառուսն ու Հայաստանը գնում են նույն ճանապարհով եւ փորձում են հասնել գազի սակագնի նվազման: Ես իսկապես չեմ կարող ասել` գազի սակագինը կբարձրանա, թե չէ:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԳՈՒՄԱՐ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` խաղաղապահ ուժերի եւ հատուկ նշանակության զորքերի մի շարք զինծառայողներ, որոնք Պաշտպանության նախարարության կողմից ամեն ամիս օրենքով սահմանված կարգով 45 հազարական դրամ գումար են ստացել բնակարան վարձակալելու համար, արդեն 4 ամիս է` չեն ստանում այն: Նշենք` երբ խաղաղապահ ուժերը Երեւանից տեղափոխվել են Բալահովիտ, պայմանագրային զինծառայողներին նախապես զգուշացրել են, որ տրամադրվող գումարը 20 հազար դրամով կրճատվելու է: Իսկ որպես պատճառաբանություն նշվել է, որ Բալահովիտում բնակարաններն ավելի էժան են: Սակայն տեղափոխվելուց հետո չի վճարվել նաեւ 25 հազարական դրամները:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` պայմանագրային զինծառայողներին չեն էլ բացատրել, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել: Միայն խաղաղապահ զորքերում աշխատող ֆինանսիստը կցկտուր տեղեկություն է տվել այն մասին, որ հնարավոր է` դեկտեմբերի 25-ից հետո նորից սկսեն գումարը վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին զրուցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս չհերքեց մեր տեղեկությունը եւ բացատրեց` որտեղից է առաջացել խնդիրը:
«Եթե չեմ սխալվում, երկու շաբաթ առաջ կառավարության նիստում ներկայացվել է այս մասին: Մեզ մոտ այդ առումով օրենքի փոփոխություն է եղել: Կառավարությունը հաստատել է, հիմա այդ իրավական գործընթացների փուլում է գտնվում: Երբ որ դա կլինի, կավարտվի, բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն պայմագրի փոփոխություն, վերագրանցած պայմանագիր եւ այլն, իրենց հարցերը կլուծվի: Այդ ահազանգերը, վստահ եմ, այդ կոտեգորիայից եք ստացել, որովհետեւ օրինագծում չափաբաժինների փոփոխության փաթեթ կա: Այն մարդկանց, որոնց պայմանագրերը ուժի մեջ են եղել, վերահաշվարկ կարվի, կտրվի գումարը: Այն մարդիկ, որոնք չեն եղել, նորից են կնքել, զրոյական կնքած պահից կտրվի: Այսինքն` իրավական խնդիրը կլուծվի», մեզ հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե պայմանագրային զինծառայողներին կոնկրետ չեն բացատրել, թե որն է խնդիրը, իսկ ֆինանսիստը կցկտուր տեղեկություն է տվել, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ֆինանսիստները միշտ չէ, որ տիրապետում են այդ ամենին:
«Քանի որ նախարարությունն է զբաղվում այդ հարցով, հետեւաբար չեմ կարծում, որ զորամասի ֆինանսիստը ի զորու է բացատրել, թե հիմնական խնդիրը որտեղ է կամ ինչքան կտեւի»,-հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հետաքրքրվեցինք` ի վերջո ե՞րբ կլուծվի այս հարցը.
«Ո՞վ կարող է ասել: Գիտեք` երկրում ինչ վիճակ է հիմա»,-պատասխանեց ՊՆ մամուլի խոսնակը:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
ԾԱԽՍԻ ՏԱԿ ԳՑԵՑ ՈՒ ԳՆԱՑ
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը դեռ մարտի 27-ին նոր ավտոմեքենա է գնել: Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ: Իսկ մարդատար ավտոմեքենան տեղական բյուջեի վրա արժեցել է 13 մլն 550 հազար դրամ` ավելի քան 28 հազար դոլար: Քաղաքապետարանի պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ ավտոմեքենան պետք է լինի 2018 թվականի արտադրության, չօգտագործված, սրահի ձեւավորումը` փայտ եւ կտորե երեսվածքներով: Թե ում համար էին քաղաքապետարանում ցանկացել ձեռք բերել մեքենա, պարզ չէ: Մինչ այդ հիշեցնենք, որ մարտի 27-ին Երեւանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, ով փաստորեն մինչեւ հրաժարական տալը չի խնայել պետական միջոցները էլիտար հաճույքների համար:
ՈՍՏԻԿԱՆԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ վարչական դատարան է դիմել ոստիկանության նախկին աշխատակից Արթուր Բեկթաշյանը` պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի: Բանն այն է, որ ոստիկանապետի 2018թ. հուլիսի 19-ի հրամանով Բեկթաշյանն աշխատանքից ազատվել էր, եւ հիմա նա փորձում է ոչ միայն վերականգնվել, այլեւ ցանկանում է ստանալ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Այս գործով դատավորը լինելու է Ռաֆիկ Խանդանյանը:
ՆՈՐ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ
Հաշմանդամության երրորդ կարգ ունեցող քաղաքացիները, որոնք յուրաքանչյուր ամիս պոլիկլինիկաներից անվճար դեղ են ստանում, հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվում է` նրանք, հերթական անգամ մոտենալով տարածքային պոլիկլինիկա, բացահայտում են, որ այլեւս չեն կարող անվճար դեղեր ստանալ: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ իրեն պոլիկլինիկայում ասել են, թե կարող են դեղատոմս գրել եւ 50 տոկոս զեղչի կտրոն տալ, որպեսզի վերջինս կարողանա վճարել դեղի գնի կեսը (համավճարով` 50 տոկոսը պետությունը, իսկ մյուս 50-ը` քաղաքացին): Ի դեպ, այս ընթացքում եղել են դեպքեր, երբ պոլիկլինիկայի աշխատողները զեղչի կտրոնը տրամադրելիս հատուկ ձեւով ուղղորդել են, թե որ դեղատնից կարող են զեղչով դեղ ձեռք բերել: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից հայտնեցին, որ այս հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2006թ. 1717-Ն որոշմամբ, այսինքն` անվճար կամ արտոնյալ պայմաններով պոլիկլինիկաներից դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող 3-րդ խմբի հաշմանդամներին դեղերը տրվում է 50 տոկոս զեղչով:
ԳՐԱՎՈՎ
Դատարանի երեկվա որոշմամբ` 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը: Հիշեցնենք, որ նա ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։