Երեկ նորընտիր ԱԺ-ի առաջին նիստն էր: Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը, անդրադառնալով օրենսդիրի գործունեությանը, ասաց. «Պետք է ձգտել աշխարհին պարգեւել Նոբելյան մրցանակակիրներ, նոր թումանյաններ եւ կոմիտասներ, նոր արշիլ գորկիներ, համբարձումյաններ, խաչատրյաններ, նոր գյուլբենկյաններ եւ քրքորյաններ: Դուք իշխանություն եք՝ օրենսդիր իշխանություն: Բայց ձեր գործը այլեւս միայն օրենք ստեղծելը չէ, այլ նաեւ դրանց կենսագործման վերահսկողությունը»,- ասել է նա: «Ժողովուրդ» օրաթերթը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորնորընտիր Ռուբիկ Ստեփանյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե ինչպես է հասկացել նախագահի ուղերձը:
-Ես գտնում եմ, որ ճիշտ է ասել: Երիտասարդությանը պետք է տեղ տալ: Էսօրվա մեր երիտասարդները շատ խելացի են: Մեր ազգը միշտ տվել է ե՛ւ թումանյաններ, ե՛ւ չարենցներ: Հուսով եմ, որ նորից կտա:
-ԱԺ-ն ի՞նչ պետք է անի:
-Ամեն ինչ պետք է անի մեր պետության զարգացման համար, պիտի ամեն ինչ անի, որ ժողովուրդը իրեն լավ զգա: Մենք նոր ենք եղել, փորձում ենք ամեն ինչ անել, որ ժողովուրդ-ԱԺ կապը մշտական լինի:
-Եվ դրա արդյունքում կունենա՞նք այն, ինչ ասում է նախագահը:
-Այո՛:
-Ի՞նչ եք անելու դուք, որ Ձեր կողմից ստեղծված օրենքները կատարվեն: Ինչպե՞ս եք վերահսկելու:
-Օրենքը պետք է գործի: Օրենքները պետք է ղեկավարեն ժողովրդին, ոչ թե հակառակը: Եթե օրենքը գրվում է եւ չի իրագործվում, արդեն առ ոչինչ է այդ օրենքը: Մեր պատմության ընթացքում շատ ժամանակ ժողովուրդն է ղեկավարել օրենքները: Հիմա պետք է տեղերը փոխվեն:
-Եթե պատգամավորը տեսնի, որ օրենքը չի գործում, ի՞նչ պետք է անի: Պիտի ելույթներ ունենա՞, թե՞ կոնկրետ միջամտություն ունենա վերահսկողությանը:
-Պետք է ամեն ինչ անել, որ օրենքը գործի: Ամեն միջոց պետք է օգտագործել:
Լուսինե Մինասյան