Սեյրան Օհանյանի ուշագրավ հայտարարությունը. նախկին նախարարը լուրջ մեղադրանք ներկայացրեց. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ 2008 մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին: Սեյրան Օհանյանը, հիշեցնենք` մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար:

Բնականաբար, նա հայտարարել է, թե չի ընդունում առաջադրված մեղադրանքները, որակել այն «սահմանադրության նկատմամբ ոտնձգություն», «իրավագիտորեն ոչինչ չասող»: Օհանյանը հայտարարության մեջ տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին իրեն արգելել են դուրս գալ երկրից` խոչընդոտելով ազատ տեղաշարժի իրավունքը, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին մեղադրանք առաջադրել:

Այսքանից հետո Օհանյանը ուշագրավ ակնարկ է հնչեցրել. «Տպավորություն ունեմ, որ կան ընդհատակյա գործիչներ, որոնք, տիրապետելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների, խաղալով ժողովրդի զգացմունքների հետ, «Մարտի 1»-ի ողբերգությունը եւ զոհերի հիշատակը օգտագործում են իրենց իսկ դավադիր եւ հեռահար, անհայտ նպատակների համար»։ Թե ովքեր են «ընդհատակյա գործիչները», Սեյրան Օհանյանը չի մասնավորեցրել:

Մինչդեռ համաձայնեք` շատ կարեւոր է սա իմանալը, քանի որ նախկին նախարարն իր հայտարարությամբ բավական լուրջ մեղադրանք է ներկայացնում. նա, ըստ էության, հանցագործության մասին հաղորդում է տալիս` ակնարկելով, որ նախաքննական մարմնին ուղղորդողներ կան. մի հանգամանք, որն օրենքով արգելված է: Իհարկե, չի բացառվում, որ Սեյրան Օհանյանն ընդամենը փորձում է այսկերպ ոչնչից ինտրիգ ստեղծել` հարմարավետորեն տեղավորվելով քաղհալածյալի կերպարում, իհարկե, չմոռանալով հիշեցնել ժամանակին հայրենիքին իր մատուցած ծառայությունները:

Բայց վերադառնանք մարտ 1-ի գործին. եթե Օհանյանը մոռացել է, հիշեցնենք՝ մարտիմեկյան իրադարձություններից հետո հենց ինքն էր տեսաուղերձում կոչ արել մարդկանց խմբերով չհավաքվել` սպառնալով, որ շատ բիրտ կգործեն: Բացի այդ, լինելով ԳՇ պետ` ինքն անձամբ է մասնակցություն ունեցել մարտի 1-ին զորքերը Երեւան տեղաշարժելու գործին, այսինքն՝ ինքը եւս դերակատարություն է ունեցել 0038 հրամանի շրջանակներում բանակը ներքաղաքական գործընթացներում ներգրավելու հարցում:

Պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի` շտաբի պետ Օհանյանին տրված հանձնարարությամբ մայրաքաղաք բերվեց ռազմական տեխնիկա եւ տեղակայվեց Հանրապետության հրապարակում: Նույն օրը` մութն ընկնելուն պես, մարզերից դեպի Երեւան շարժվեց անգամ թրթուռավոր զրահատեխնիկան` չսպասելով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագրին: Փաստերը շատ են ու անառարկելի:




Լրահոս