43-րդ րոպեն, որը մտավ պատմության մեջ. հարավսլավացի հսկայի 500-րդ գոլն ու առաջընթացը ֆուտբոլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

16.09.2018թ. «Տորոնտո»-«ԼԱ Գալաքսի». այս հանդիպման 43-րդ րոպեն մտավ պատմության մեջ: Դոս Սանթոսի փոխանցումից հետո Զլատան Իբրահիմովիչը կրնակի հարվածով գնդակն ուղարկեց ցանցը: Հարավսլավացի հսկայի 500-րդ գոլն էր կարիերայում: «Նրանք պետք է երջանիկ լինեն, նրանք կհիշվեն միշտ, կհիշվեն Զլատանի պատմության մեջ, նրանք իմ 500-րդ զոհն էին»: Ահա այսպես արտահայտվեց խաղից հետո Իբրակադաբրան` ամպագոռգոռ, բայց եւ արդարացված… 1981 թվականի հոկտեմբերի 3-ին Մալմյոյի Ռոսենգորդ շրջանում հարավսլավացի ներգաղթյալների ընտանիքում է ծնվել Զլատան Իբրահիմովիչը: Բոսնիա-խորվաթական ծագում ունեցող շվեդը մեծանում էր անապահով ընտանիքում, փորձում էր միայնակ հոգալ իր խնդիրները, որպեսզի ավելորդ հոգս չպատճառի իր մորը: Իբրահիմովիչի սերը ֆուտբոլն էր: Նա հրաշալի ֆուտբոլ էր ցուցադրում «Մալմյոյի» կազմում։ 1991թ.-ին Իբրահիմովիչը նշեց իր նորամուտը «Մալմյոյի» հիմնական թիմի կազմում: Երկու հզոր մրցաշրջան անցկացնելուց հետո Իբրան տեղափոխվեց հոլանդական «Այաքս» եւ սկսեց կերտել Զլատանեիրայի փառահեղ կարիերան:

Զլատանը միանգամից դարձավ «հոլանդական մեքենայի» շարժիչ ուժը, նա թիմի իսկական առաջատարն էր եւ գոլահարը: Թվում էր, թե ամեն ինչ հիասքանչ է «Այաքսում», սակայն Զլատանը խնդիրներ ունեցավ Վան Դեր Վարտի հետ, նրան անվանեց տխմար եւ մեկնեց Եվրոպայի ամենահզոր ակումբներից մեկը` «Յուվենտուս»: «Երջանիկ եմ, աննկարագրելի է երկու տարի անընդմեջ դառնալ Իտալիայի չեմպիոն»,- ասել է նա: Թուրինյան տոնախմբությունը երկար չտեւեց. կոռուպցիոն սկանդալի պատճառով «Յուվեն» զրկվում է երկու չեմպիոնական տիտղոսներից եւ տեղափոխվում է Սերիա Բ (Իտալիայի երկրորդ դիվիզիոն): Հաղթողի բնազդով ապրող Զլատանտ լքեց Թուրինը եւ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»: Այստեղ ամեն ինչ բարեհաջող էր ընթանում: Նա կարողացավ 3 տարի անընդմեջ տիրանալ Սկուդետտոյին եւ կրկին որոշեց հավաքել ճամպրուկները: «Հոգնել եմ Իտալիայից, այստեղ նվաճել եմ ամեն ինչ, ցանկանում եմ հեռանալ»,- հայտարարեց Զլատանեիրան եւ 2009 թվականին տեղափոխվեց Կատալոնիայի «Բարսելոնա»: Իբրահիմովիչի մոտ սկզբի շրջանում ամեն ինչ լավ էր ընթանում, շվեդը թիմի գլխավոր աստղն էր, բայց ամեն ինչ հեշտ չէր դասավորվելու: Այս անգամ էլ սկանդալային վեճ եղավ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Մարզչի, ինչպես նաեւ Մեսսիի հետ ունեցած կոնֆլիկտը եւ Իբրահիմովիչի անհնազանդ բնավորությունը ընդամենը մեկ տարի անց ինքնահավան աստղին կրկին հետ ուղարկցին Ապենինյան թերակղզի, կրկին Միլան, բայց այս անգամ՝ «Միլան»:

2012 թվականին թիմը հայտնվեց սննկացման եզրին եւ ստիպված էր վաճառել իր աստղերին. Իբրան, արցունքն աչքերին, տեղափոխվում էր Փարիզ` «ՊՍԺ». «Ինչու՞ է ամեն ինչ այսքան բարդ իմ կյանքում, ինչու՞ ես չեմ կարող մինչեւ վերջ երջանիկ լինել, «Միլանը» հավերժ կմնա իմ սրտում»: Զլատանը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսեց կերտել ֆանտաստիկ գոլեր, նվաճել բազմաթիվ տիտղոսներ, ցույց տալ Իբրակադաբրայի ողջ կախարդանքը: «Վերեւում Աստվա՛ծ, ներքեւում` ե՛ս, ես Փարիզի աստվածն եմ, ես անպարտելի գլադիատորն եմ»,- հայտարարեց նա ու Փարիզում խաղաց 4 տարի, որոշեց իր «գաղութների» թվին ավելացնել նաեւ Մանչեստերը: Ինքնահավան Զլատանը շարունակում է փայլել որպես ֆուտբոլիստ, շարունակում է խփել ֆանտաստիկ գոլեր եւ բոլորին ապացուցել, որ տարիքը ուղղակի թվեր են, շարունակում է ապացուցել, որ Իբրան չի ծերանում, շարունակում է բոլորին ստիպել հիացմունքով արտահայտվել իր մասին` հարավսլավացի խուլիգանից մինչեւ ֆուտբոլի տեր… Այո՛, ֆուտբոլը փոխում է բոլորին, պետք է հավատալ սեփական ուժերին եւ շարժվել առաջ` ձեռքի տակ ունենալով Իբրահիմովիչ հսկայի պատմությունը` որպես ուղեցույց։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս