Համոզիչ չէր, պարո’ն նախագահ, համոզիչ չէր. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Վերաքննիչ դատարանում իր խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին, երկու ժամանոց ելույթ ունեցել: Արդեն լրագրողների հետ զրույցում նրա փաստաբանները որոշ մանրամասեր են փոխանցել: Ըստ այդմ, Քոչարյանը հայտարարել է, թե փետրվարի 23-ին` իր մոտ խորհրդակցությունից հետո է պաշտպանության նախարարն արձակել 0038 հույժ գաղտնի հրամանը, խորհրդակցության ժամանակ ինքն ընդամենը հրահանգել է բանակում պահպանել քաղաքական չեզոքությունը, 0038 հրամանի բովանդակությունից էլ տեղյակ չի եղել:

Փաստաբաններից Ալումյանի փոխանցմամբ. «Պարոն Քոչարյանն իր ելույթում հստակ ասել է, որ 0038 հրամանին ծանոթանալուց հետո ինքը տեսնում է, որ դրանում որեւէ արտառոց բան չկա… Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը եւ նման մյուս հրամանները ո՛չ իր, ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա, կա՛մ իր հավանությունը տա, կա՛մ իր մոտ ունենա ու պահի»:

Բնական է, որ Ռոբերտ Քոչարյանը, այսօր լինելով մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկը, ընդ որում՝ կալանքի տակ միակ պահվողը, պետք է ամեն կերպ արդարանա` բերելով տարբեր փաստարկներ: Միայն թե նրա փաստարկներն արժանահավատ չեն թվում: Եւ, ահա, թե ինչու. նախկին իշխանությունների կառավարման մեթոդների մասին քիչ թե շատ պատկերացում ունեցողները կփաստեն, որ հատկապես ներքաղաքական լարված օրերին բացառված էր, որ ՀՀ պաշտպանության նախարարը հրաման արձակեր առանց այն նախագահին ցույց տալու, առավել եւս, երբ նախագահը ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն է:

Եւ հետո` նախաքննական մարմինը 0038 հրամանից որոշ մանրամասներ հրապարակել է, ըստ այդմ` փաստաթուղթը վերնագրված է եղել «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», իսկ հրամանի նախաբանն ավելի շուտ քաղաքական վերլուծական տեքստ է հիշեցնում:

Բայց Քոչարյանի պաշտպանվելու մղումն էլ է հասկանալի. պաշտպանության նախկին նախարարը ՀՀ-ում չէ, հետախուզման մեջ է, հետեւաբար, կարելի է ամեն ինչ բարդել նրա վրա` համոզված լինելով, որ նա էլ կգերադասի լռել, թեեւ ժամանակին պաշտպանության նույն նախկին նախարարը փաստահավաք խմբում հարցաքննվելիս իրավական ակտերի օրինականությանը վերաբերող հարցերը խնդրել էր ուղղել ՀՀ նախագահին, նույնիսկ տարակուսել, թե ինչու են այդ հարցերն իրեն ուղղում:




Լրահոս