Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նոր մարտավարություն է որդեգրել:
Երեկ Վերաքննիչ դատարանում շարունակվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ բողոքի քննությունը: Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասել է, թե այդ օրերի իրադարձությունների մասին ինֆորմացիա Քոչարյանը ստացել է ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանից. «Իրադարձությանը նախորդող իրադարձություններին է անդրադարձել, մասնավորապես նշել է, որ մի քանի օր ԱԱԾ տնօրենը՝ Գորիկ Հակոբյանը, իրեն անընդհատ զեկուցում էր, որ այնտեղ կան զինված մարդիկ, երեկոները եւ գիշերները մարդիկ կան, ովքեր հարբած վիճակում զենքի հետ անզգույշ վերաբերմունք ենք ցույց տալիս: …Մտահոգիչ զեկույցներ են պարբերաբար եղել»:
Իսկ հարցին, թե Քոչարյա՞նն է հրամայել այն ժամանակ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Հարությունյանին ներխուժել Ազատության հրապարակ, պաշտպանը պատասխանել է, թե նախագահն անգամ չի մեղսագրվում այդ արարքի մեջ. «Ինքը չի արել, հավանաբար գործով հաստատված է, որ ինքը չի հրահանգել: Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ ինքը այդ օրը` 08:30-ի կողմերը, եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով զեկուցել են, որ այդպիսի բան կա»:
Ինչպես հիշում եք, նախորդ դատական նիստից հետո էլ Ալումյանը պատմել էր՝ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ տեղյակ չի եղել ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանից, քանի որ նման հրամանները չեն համաձայնեցվում ու նախագահական չեն ուղարկվում ո՛չ արձակվելուց առաջ, ո՛չ դրանից հետո: Ու երբ այս փուլում ինքը ծանոթացել է այդ հրամանին, կարծում է, որ անօրինական ոչինչ չկա, բայց պաշտպանական կողմի այս պահվածքը տեսակետ է ձեւավորել, թե նա փորձում է կատարվածի պատասխանատվությունը գցել մյուս պաշտոնյաների վրա: Ընդ որում, մատնանշվող պաշտոնյաներն էլ պատահական չեն ընտրված. 2008թ. ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գորիկ Հակոբյանն այլեւս ողջ չէ, իսկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, որ այս գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար եւ հիմա գտնվում է հետախուզման մեջ, պարզվում է՝ վաղուց ՌԴ քաղաքացիություն է ստացել: Այնպես որ, նրան Հայաստանում պատասխանատվության ենթարկելու հեռանկարն առավել քան անորոշ է: Բայց անգամ այդ պարագայում վերը հնչեցված տեսակետը մերկանում է, քանի որ Քոչարյանն անգամ կալանավայրից պնդում է, որ որեւէ անօրինական արարք թույլ չի տվել ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը: