Անվճար բուժօգնությունից կօգտվի 230 հազար քաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հունվարի 31-ի նիստի ընթացքում կատարվել են փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ, որը ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից: Շահառուների ցանկի և ծառայությունների քանակի փոփոխությունները պայմանավորված են 2019թ. պետբյուջեով «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմամբ. շահառուների ցանկում ընդգրկված է շուրջ 230,0 հազար քաղաքացի, նախատեսվում է շուրջ 15,8 հազար դեպքի բուժում:

Որոշմամբ կարգավորվել են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

Մասնավորապես, ցանկում ներառված են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածները, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված
անձինք, ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ:

Միաժամանակ, 2019 թ. պետբյուջեով նախատեսվում է նաև ավելացնել առողջապահության նախարարության միջոցով իրականացվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը. անվճար բժշկական օգնություն մատուցել ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուներին:

Որոշման համաձայն` 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաներին, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներին, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը կկազմակերպվի անվճար՝ ներկայումս գործող համավճարային սկզբունքի փոխարեն:

Բացի այդ, ավելացել են մատուցվող ծառայությունների հետևյալ տեսակները՝ մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում, 18 տարեկանից բարձր անձանց կարիեսի բուժում, լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի վերանորոգում և պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում ու տեղադրում (յուրաքանչյուր երեք տարին մեկ
անգամ):




Լրահոս