Նիկոլ Փաշինյանն ունի՞ արդյոք սկսնակ պատգամավորների պաշտպանության կարիքը. ոհմակի չվերածվելու հրամայականը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության ծրագրի քննարկումները խորհրդարանում բավական բուռն ընթացան: Իշխանության եւ ընդդիմադիր երկու խմբակցությունների միջեւ թեժ բանավեճերի պակաս չեղավ: Բայց, մյուս կողմից, երեք օր տեւած այս քննարկումները որոշ առումներով «դեժավյու» էին հիշեցնում: Ի տարբերություն ՀՀԿ-ականների` իշխող «Իմ քայլի» ներկայացուցիչները քննադատությունների հանդեպ ավելի հանդուրժող էին. ընդդիմախոսներից որեւէ մեկի խոսափողը չանջատեցին, անգամ երբ նրանց ելույթները շեղվում էին թեմայից: Նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն էլ բավական համոզիչ էր, շատ ավելի համոզիչ, քան ներկայացված ծրագիրը:

Փաշինյանը եզրափակիչ ելույթում ներկայացրեց տնտեսական հեղափոխության մեթոդները, վստահեցրեց առաջընթացի հասնելու իր առաջարկած ճանապարհի ճշմարտացիության առումով, անգամ նշեց՝ հաղթանակին կարող են բոլորը տեր կանգնել, իսկ եթե լինի պարտություն, ապա ինքը կլինի դրա տերը: Նրա խոսքում կային նաեւ բավական սուր, կտրուկ պահեր, երբ հակադարձեց ընդդիմախոսների քննադատություններին, մասնավորապես, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներին: Կարճ ասած` խորհրդարանում բուռն բանավեճեր էին:

ՈՒ այս ամենը նորմալ կդիտվեր, եթե, մյուս կողմից, չլինեին նույն իշխող խմբակցության պատգամավորներից շատերի ելույթները, որոնք տեղ-տեղ հիշեցնում էին ՀՀԿ-ական նախորդ խորհրդարանը: Հիշում եք` ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին լարված պահերին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու կրծքով պաշտպանել շեֆին՝ Սերժ Սարգսյանին, ընդդիմության հարձակումներից: Նաեւ հիշում եք` ՀՀԿ ներկայացուցիչներից շատերն ինչպես էին իրենց պարտքը համարում ելույթ ունենալ ու գովերգել կառավարության ծրագիրը՝ ամեն մեկն իր ոլորտային հանձնաժողովի շրջանակներում:

Նման իրավիճակում երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերն էին, որոնք իրենց պարտքն էին համարել մոտենալ ԱԺ ամբիոնին, խորհրդարանում իրենց ավելորդ ներկայության մասին եւս մեկ անգամ հիշեցնելու եւ բարձրագույն իշխանության մոտ աչքի ընկնելու համար:

Ընդ որում` Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը եկավ ապացուցելու, որ վարչապետն ամենեւին էլ որեւէ մեկի, այն էլ՝ քաղաքականություն նոր-նոր ոտք դրածների պաշտպանության կարիքը չունի: Հարկ եղած դեպքում ինքը հակադարձեց ընդդիմախոսներին ու հակադարձեց այնպես, որ արտահայտություններից մի քանիսը դեռ շատ երկար ժամանակ հազիվ թե մոռացվեն:




Լրահոս