Ագարակաձորի մանկապարտեզում ջեռուցման լոկալ համակարգ է կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի Ագարակաձոր գյուղի մանկապարտեզում ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Կառուցվում է արևային ջրատաքացուցիչներով համալրված՝ ջեռուցման լոկալ համակարգ: Դրա անհրաժեշտությունն այստեղ առաջացել է խորհրդային համակարգի փլուզումից հետո: Արդեն 38 տարի, ջերմաստիճանային բավարար պայմաններ չլինելու պատճառով, ձմռանը սաների հաճախումը դադարեցվում է:

Լոկալ ջեռուցման համակարգ չունենալու պատճառով, մանկապարտեզը տարվա մեջ աշխատում է 7-8 ամիս: Խմբերում և ննջասենյակներում միացված մեկական էլեկտրական սալիկներով՝ համապատասխան ջերմաստիճան ապահովել չի հաջողվում: Կա երեխաների անվտանգության ապահովման խնդիր նաև: Ցածր ջերմաստիճանի պատճառով փոքրիկները հաճախ են հիվանդանում: Տուժում է նաև մանկավարժների աշխատանքը. իրականացված կրթադաստիարակչական ծրագրերը հարկադրական պարապուրդների պատճառով արդյունք չեն տալիս: 50 երեխա սպասարկող մանկապարտեզի համար՝ խնդրի լուծումը կարևոր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) համատեղ ջանքերով, գործնական կոնկրետ քայլեր են իրականացնում: Կառուցվում է ջեռուցման լոկալ համակարգ, որը նախատեսում է նաև 9.5ԿՎտ/Ժ հզորությամբ արևային ջրատաքացուցիչ և 300լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաք: Ընթացիկ աշխատանքներն արդեն դրական ազդեցություն են թողել. նախատեսվող փոփոխության շնորհիվ՝ փոքրիկների թիվն ավելացել է: Նախկին 50-ի փոխարեն, աշխատանքներից հետո այստեղ դիմավորելու են 58 երեխայի: 1490 բնակիչ ունեցող գյուղի համար սա կարևոր ձեռքբերում է:

«Մանկապարտեզը միշտ խնդիր է ունեցել: Երբ չենք կարողացել վառարաններով կամ հոսանքով տաքացնել սենյակները՝ մինչև ապրիլի 1-ը, երբեմն նաև 15-ը՝ փակել ենք մանկապարտեզը: Ցրտի պատճառով երեխաները շուտ են հիվանդանում, ծնողները վախենում են նրանց բերել: Հոսանքով ինչքան էլ միացնում ենք, սենյակը չի տաքանում: Վառարաններով էլ չի թույլատրվում. ինչքան էլ ուշադիր ենք լինում՝ մի դեպք պատահում է: Այս աշխատանքները կատարելուց հետո մանկապարտեզը կարող է աշխատել ամբողջ տարի: Դա կարևոր է բոլորի համար»,- ասել է մանկապարտեզի տնօրեն Նախշուն Բեգլարյանը:

«Համայնքի բյուջեն թույլ չի տալիս նման խնդիրներ լուծել: Մանկապարտեզի ջեռուցման հարցի լուծումը կարևոր աջակցություն է գյուղի համար: Առավել ևս, որ ի տարբերություն անցած տարիների ունենք ծնունդների ավելացում: Այս հնարավորությունը միանշանակ դրական է ազդելու», – ասել է Ագարակաձորի վարչական տարածքի ղեկավար Դերենիկ Մարտիրոսյանը:

Կառուցվող համակարգը գործելու է առավելագույն օգտակարություն ապահովելու սկզբունքով. գիշերային ժամերին օգտագործվելու է գազի կաթսան՝ ապահովելով մինիմալ ջերմաստիճան: Ցերեկային ժամերին՝ ջեռուցումն ապահովվելու է բացառապես արևային ջրատաքացուցիչների միջոցով: Դա թույլ կտա նաև 40 տոկոսով տնտեսել գազի ծախսը:




Լրահոս