Տարեսկբից սկսած կառավարության անդամներն արդեն բազմաթիվ գործուղումների են մեկնել: Ինչպես հայտնի է` յուրաքանչյուր գործուղումից հետո պաշտոնյաները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել:
Եվ այսպես, ArmLur.am-ն ուսումնասիրելով ներկայացրած տվյալները, տեղեկացավ, որ առաջին գործուղումը եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի կողմից:
Նա հունվարի 10-13-ը եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Տեղեկացանք, որ հրավիրողը եղել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը եւ վերջինս մասնակցել է հենց այդ գործակալության 9-րդ նստաշրջանին: Սակայն հետաքրքիր է, որ ընդունված որոշումների մասին անորոշ տվյալներ են առկա և միայն գրված է, թե ընդունվել են որոշումներ օրակարգով նախատեսված հարցերի վերաբերյալ:
Օրինակ հունվարի 15-17-ը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը Գերմանիա է գործուղվել և թեման բավական կարևոր և հետաքրքիր է եղել: Մենք տեղեկացանք, որ հրավիրող կողմը եղել է այդ երկրի Ներքին գործերի նախարարությունը, իսկ երկխոսության թեման էլ եղել է ԵՄ անդամ պետությունների հետ մուտքի արտոնագրերի ազատականացումը: Նրա հետ նույն պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյանը, արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Հաշվետվության մեջ մանրամասը ներկայացված են հանդիպումները, սակայն հանդիպման կամ հավաքի ժամանակ ընդունված որոշումների կամ պայմանավորվածությունների բաժինը դատարկ է:
Առհասարակ հունվար ամսին գործուղումների առումով հետաքրքիր միտում է եղել եւ շատ պաշտոնյաներ են մեկնել Գերմանիա: Օրինակ հունվարի 17-19-ը գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն էլ է Գերմանիայում եղել, մասնակցել ֆորումի: Պարզ է դարձել, որ հանդիպումների ընթացքում գյուղատնտեսության նախարարների կողմից ընդունվել է համատեղ կոմյունիկե: Նույն Գևորգյանը մեկ անգամ էլ Գերմանիա է մեկնել արդեն փետրվարի 7-9-ը: Նա մասնակցել է պտուղ-բանջարեղենի ցուցահանդեսի և քննարկել հետագայում այդ ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հարցը և պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ-ից ԵՄ արտահանումների ծավալների մեծացման վերաբերյալ: Փետրվարի 13-15-ն էլ Գևորգյանը մեկնել է Իտալիա:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանն այս ընթացքում երկու անգամ է գործուղման մեկնել: Մեկ անգամ` հունվարի 24-26-ը նա մեկնել է Մինսկ եւ մասնակցել Գեղասահքի եվրոպայի առաջնությանը, իսկ մյուս անգամ` փետրվարի 11-15-ը մեկնել է ՌԴ եւ մասնակցել «Ասիայի երեխաներ» մարզական խաղերին: Ըստ արդյունքների, Հարավային Սախալինսկի քաղաքապետի հետ որոշում է ձեռք բերվել, ըստ որի առաջիկայում Շիրակի մարզի քաղաքներից մեկի հետ նրանք կդառնան քույր քաղաքներ:
ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնյաները ևս ակտիվ են: Մասնավորապես, նախարար Արսեն Թորոսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը երկուական գործուղումներ են ունեցել: Ընդ որում, Թորոսյանը հունվարի 28-30-ը մեկնել է Մինսկ, իսկ փետրվարի 14-15-ը` Թուրքիա: Այստեղ խորհրդակցության ընթացքում պաշտոնապես հայտարարվեց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակների բարձրացման Տարածաշրջանային ծրագրի մեկնարկը, որը հաստատվել էր դեռևս 2018 թ. սեպտեմբերին Հռոմում կայացած ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 68-րդ նիստին: Իսկ Մինսկում ընդունվել է որոշում, ըստ որի շուտով կողմերը կոնկրետ համագործակցության շուրջ Հուշագիր կստորագրեն` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայությունը զարգացնելու նպատակով: Իսկ փոխնախարար Նանուշյանը մեկնել է Լիոն և Տոկիո: Մասնավորապես, առաջարկ է եղել համատեղել Հայաստանի և Ֆրանսիայի ջանքերը և ակտիվացնել փոխգործակցությունը քաղցկեղի տարբեր տեսակների սքրինինգային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հետաքրքիր է, որ մարզպետներից միայն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն է գործուղման մեկնել Արաբական միացյան էմիրություններ` «Ռոյալ Ֆռոնտ» ՍՊԸ-ի հրավերով : Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այցի ընթացքում Գնել Սանոսյանը բոլորին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ապրիլին Գեղարքունիքի մարզում կայանալիք բիզնես համաժողովին, ինչպես նաև տեղում ծանոթանալու հնարավոր ծրագրերին: Եվ հաշվետվության մեջ նշված է, որ Գնել Սանոսյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ) աշխատանքային այցը կարևորվում էր հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նպաստելու է ՀՀ Գեղարքունիքի մարզում նոր ներդրումներ ներգրավելուն և նոր աշխատատեղեր ստեղծելուն:
Նաիրա Հովհաննիսյան