Կառավարությունը զիջեց. Հարկային օրենսգրքից հանվել է վիճահարույց դրույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարարությունը փոփոխություն է կատարել Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծում՝ հանելով իրավաբանական, խորհրդատվական, հաշվապահական ծառայություն մատուցողներին ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Նախագիծն այդ մասով արդեն իսկ փոփոխություններ է կրել: Լրացուցիչ քննարկումների արդյունքներով մենք որոշում կայացրինք այս փուլում հրաժարվել այդ գաղափարից: Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետեւ մենք այստեղ այնուհանդերձ շարունակում ենք խնդիրներ տեսնել այն առումով, որ շրջանառության հարկի համակարգը մեր դիտարկմամբ չի ապահովում այս գործունեության տեսակների համարժեք հարկում: Եվ բացի այդ, մենք այստեղ տեսնում ենք նաեւ հարկային տարբեր համակարգերի միջեւ հարկային պլանավորումներ իրականացնելու հնարավորություններ, նաեւ հարկման ոչ արդարացի մոտեցումներ»,-ասաց Պողոսյանը:

Փոխնախարարի հիմնավորմամբ՝ այս փուլում հրաժարվել են նախապես առաջարկված տարբերակից, քանի որ իրենց գնահատմամբ՝ հարկային բեռն էականորեն բարձրանում էր, եւ միգուցե այս գործունեության տեսակները ստվերային դաշտ տեղափոխելու մոտիվացիա լիներ: Եվ հարկային վարչարարությունն այդ դեպքում էականորեն կբարդանար: Սակայն հարկային վարչարարությունը կատարելագործելու գործիքակազմն ընդլայնելու խնդիրը լուծելուց հետո նախարարությունն անպայմանորեն անդրադառնալու է այդ հարցի քննարկմանը:

Փոխնախարարը դժվարացավ հստակ ասել, թե իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություն մատուցողները որքան ժամանակ կշարունակեն գործել շրջանառության հարկով:

Ամեն ինչ կախված կլինի վարչարարության մակարդակում ունեցած խնդիրները լուծելու ժամկետներից:

Հիշեցնենք, որ հանրային քննարկման ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով նախապես առաջարկվում էր հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություն մատուցողներին շրջանառության հարկի փոխարեն հարկել ԱԱՀ-ով: Դա դժգոհություն էր առաջացրել որոշ իրավաբանական որոշ կազմակերպությունների շրջանում:




Լրահոս