Եթե վստահել ենք այս իշխանությանը, ուրեմն՝ վստահենք մինչև վերջ. Մայքլ Քոթանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ Մայքլ Քոթանջյանն է: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը, խոսել ենք նախասիրությունների մասին: Մայքլը պատմել է իր կյանքի դժվարին փուլի, իր լավագույն խորհրդատուի եւ իր մասին լսած վերջին զվարճալի բամբասանքի մասին:

-Մա՛յքլ, օրը սկսում եք…

-Երեխաների ճիչերով, որոնք հաճախ փորձում են ինձ արթնացնել:

-Անսպասելի առաջարկ, որ երբեւէ ստացե՞լ եք:

-Ֆիլմում խաղալու առաջարկ այնպիսի դերով, որն, իսկապես, ինձ համար անսպասելի էր: Չընդունեցի այն, որովհետեւ իմ սրտով չէր, բայց չեմ ասի, թե խոսքն ինչի մասին է:

-Տնից երբեք դուրս չեք գալիս առանց…

-Բջջային հեռախոսի:

-Մարդ, որի ասածը Ձեզ համար օրենք է:

-Հայրիկս: Որեւէ նախագիծ, որեւէ գործ սկսելիս նախ նրա խորհուրդը, կարծիքն եմ լսում, հետո նոր՝ մյուսների: Ընդհանրապես, կարեւորում եմ մտերիմ մարդկանց կարծիքը, քանի որ այն ավելի մոտ է իրականությանը:

-Նախընտրում եք, որ խոսեն Ձեր անձի՞, թե՞ Ձեր ստեղծածի մասին:

-Անկասկած, հաճելի է, երբ խոսում են իմ արածի մասին:

-Ձեր ամենամեծ կռիվը, պայքարը ո՞ւմ կամ ինչի՞ դեմ է:

-Քանի որ արվեստի մարդ եմ, անհանգստանում եմ հենց արվեստի հետ կապված հարցերով: Կուզեմ, որ մեր երկրում ստեղծվի այնպիսի դաշտ, որտեղ արվեստի մարդիկ իրենք իրենց ռեալիզացված կզգան:

-Ներսում շա՞տ հակասություններ ունեք:

-Հակասություններ անընդհատ կան, անընդհատ մտածում ես ճիշտ ու սխալի մասին, քննադատում ես ինքդ քեզ: Նորմալ է, պետք է այդպես լինի:

-Ձեր հանդեպ գործած չարիքը նախընտրում եք մոռանա՞լ, թե՞ վրեժ լուծել չարագործից:

-Ժամանակին էմոցիոնալ էի եւ ցավոտ էի տանում ամեն բան, սրտիս մոտ էի ընդունում: Բայց հետո ուրիշ արժեքներ առաջ եկան, եւ այն ամենը, ինչ նախկինում ինձ համար կարեւոր էր, դարձավ ոչ էական: Հիմա ավելի էական արժեքներ են ի հայտ եկել, ուստի տհաճ երեւույթները անտեսում եմ կամ արհամարհում:

-Ձեր դատողությունները հիմնականում անում եք գիտակցակա՞ն, թե՞ ինտուիտիվ մակարդակում:

-Ինտուիցիաս հաճախ խաբում է ինձ, ուստի հենվում եմ բանականությանս վրա: Առհասարակ, գիտնականներն էլ պնդում են, որ տղամարդկանց ինտուիցիան նույնքան զարգացած չէ, որքան կանանցը:

-Ինչպե՞ս կբնութագրեք ներկայիս կառավարության գործունեությունը:

-Մեծ հույսեր ունեմ, որ մեր ժողովուրդն, ի վերջո, կապրի օրենքի երկրում: Իհարկե, դա չի կարող մեկ օրում, մեկ տարում լինել: Հայերս անհամբեր ժողովուրդ ենք, ուզում ենք՝ ամեն ինչ հենց այդ պահին լինի: Մարդիկ համախմբվում են ինչ-որ գաղափարի շուրջ, հետո շատ շուտ հուսահատվում են: Դա լավ չէ: Եթե վստահել ենք այս իշխանությանը, ուրեմն վստահենք մինչեւ վերջ, որպեսզի ցանկալի արդյունքին հասնենք:

-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած վերջին զվարճալի բամբասանքը:

-Տարածել էին, թե իբր բիզնես ունեմ: Իհարկե, կցանկանայի, բայց, ցավոք, դա ճիշտ չէ (ծիծաղում է):

-Ձեր կյանքի դժվարին փուլը ե՞րբ է եղել:

-Սարսափելի 1990-ականներին՝ մութ ու ցուրտ տարիներին: Դա իմ կյանքում անցումային շրջան էր, պետք է կարողանայի կայանալ, եւ շատ իղձեր ու նպատակներ կոտրվեցին: Երբեք չեմ մոռանա այդ շրջանը եւ չեմ ուզի, որ երեխաներս հանկարծ նման օրեր տեսնեն:

-Չեք հանդուրժում ուշացողների՞ն, շատախոսների՞ն, թե՞ բարձրախոսներին:

-Շատախոսներին կարող եմ հանդուրժել, բայց բարձր խոսողներին ու ուշացողներին՝ դժվար է:

-Միշտ փորձել եք այնպես ապրել, որ…

-Վաղը իմ երեխաները իրեց հոր, իրենց ազգանվան համար չամաչեն, հիշեն ինձ որպես դրական անձնավորություն:

-Հայտնիներից ո՞ւմ եք երկրպագում:

-Շատ են` Մհեր Մկրտչյանից մինչեւ Ալ Պաչինո: Կան գիգանտներ, որոնց աշխատանքին անընդհատ հետեւում ես ու սովորում:

-Երբեք չեք կարող անտարբեր անցնել…

-Հենց անտարբերության կողքով: Դա մարդու վատագույն հոգեվիճակն է: Չեմ ուզի, որ որեւէ հարցի անտարբեր մոտենանք…

Աննա Բաբաջանյան




Լրահոս