ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ երեկ հանդես եկավ ուղերձով: Ուղերձ, որի շեշտադրումները չափազանց կարեւոր են:
Այսպիսով` առաջին անգամ Հայաստանի Հանրապետության ղեկավարը հստակ քաղաքական գնահատականներ է տվել մարտիմեկյան ոճրագործությանը, միաժամանակ ներողություն խնդրելով նախորդների կատարած սխալների համար: Ընդ որում, Փաշինյանը նախորդների սխալների համար ներողություն է խնդրել` երբեւէ որեւէ առնչություն չունենալով այդ իշխանությունների հետ, ավելին՝ հենց իր գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում հնարավոր եղավ հասնել իշխանափոխության, եւ հենց իր պաշտոնավարման օրոք են սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրյալի կարգավիճակում հայտնվել 2008թ. երկրի բարձրաստիճան ղեկավարությունը՝ նախկին նախագահ Քոչարյանի գլխավորորությամբ:
«2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենեւին ուղղված չէին առանձին վերցրած ուժի, խմբի, անհատի դեմ, այդ բռնությունների ու ապօրինությունների հիմնական եւ թերեւս միակ թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը:
2008 թվականի Մարտի 1-ը, սակայն, այդ օրը առավոտյան ծագած երեւույթ չէր պարզապես, այլ երկար տարիներ Հայաստանն ու նրա ժողովրդին կեղեքող ապօրինությունների, ընտրակեղծիքների, քաղաքական սպանությունների, հետապնդումների, ամենաթողության խտացված ժայթքում»:
Նկատենք, որ նման արձանագրումը, իրադարձություններն ավելի լայն համատեքստում դիտարկելը կարեւոր է՝ ամբողջությամբ հասկանալու Մարտի 1-ի իրադարձությունների բուն էությունը, կատարվածի պատճառներն ու հետեւանքները: Ու երբ այս արձանագրումներն անում է պետության ղեկավարը` հստակ շեշտելով նախորդների սխալները, նշանակում է՝ կա հնարավորություն բացառելու նման արատավոր երեւույթների կրկնությունը, կա հնարավորություն մեկընդմիշտ այլեւս վերացնելու Հայաստանում իշխանությունը բռնությամբ, ընտրակեղծիքների գնով զավթելու հավանականությունը:
Փաշինյանն ինքն էլ հայտարարել է, թե անցյալի բարքերին ու հարաբերություններին վերադարձ չի կարող լինել: «Հայաստանը չի վերադառնալու կոռուպցիայի, քաղաքական հետապնդումների, քաղաքական բռնությունների, իրավունքների արհամարհման ու ոտնահարման, ամենաթողության ու լկտիության ժամանակներին»:
Հայաստանում արդեն գարուն է: Եւ այդ գարունը Հայաստանին բերեց ՀՀ քաղաքացին: