ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ որոշ հանձնարարականներ պարզապես անհասկանալի են. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը կարելի է աննախադեպ համարել. ՀՀ-ում վերջին քսան տարվա ընթացքում անցկացված համապետական ընտրություններից հետո սա առաջին դեպքն էր, երբ դիտորդական առաքելությունը չի խոսում ընտրախախտումների մասին: Մինչդեռ նախկինում, թեեւ դիտորդներն ընտրությունները գնահատում էին «մեկ քայլ առաջ», բայց եւ հաջորդ իսկ նախադասության մեջ մտահոգություններ էին արտահայտում ու մատնանշում ընտրախախտումների մասին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում միաժամանակ նաեւ հանձնարարականներ է տվել: Բայց, եթե անկեղծ, այդ հանձնարարականները հիմնականում ձեւական բնույթ են կրում: Առաջնահերթ հանձնարարականների մեջ առաջինն, օրինակ, նշված է. «ընտրական գործընթացի արդարության նկատմամբ վստահությունը պահպանելուն ուղղված ջանքերի» մասին՝ «ընտրակեղծիքների բոլոր ձեւերն արմատախիլ անելու եւ մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները խթանելու միջոցով»:

Այսինքն՝ մի հանգամանքը, որ կախված է բացառապես իշխանությունների քաղաքական կամքից: ՈՒ Փաշինյանի կառավարությունը բացարձակ ազատ եւ անկախ ընտրություններ անցկացրեց ոչ թե այն պատճառով, որ այդպես էր պահանջում միջազգային հանրությունը, այլ որովհետեւ քաղաքական որոշում էր կայացրել վերջ դնելու նախկին արատավոր բարքերին, բացառելու բոլոր տեսակի խախտումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ որոշ հանձնարարականներ, սակայն, պարզապես անհասկանալի են: Օրինակ՝ նշված է իրավական դաշտի վերանայում՝ ապահովելու ընտրողների անձնական տվյալների պաշտպանությունը, «միեւնույն ժամանակ ընտրական շահառուների համար պատշաճ հասանելիություն պահպանելով ընտրացուցակներին»: Մի դրույթ, որ, հիշում եք, նախկին իշխանությունները համաձայնեցին ԸՕ-ում ամրագրել ընդդիմության ճնշման ներքո, որպես ընտրակեղծիքները բացառող երեւույթ: Եւ այս դրույթի առկայությունը լրացուցիչ երաշխիք է ընտրությունների արդյունքների նկատմամբ վստահության համար:

Ուստի որոշ դեպքերում կարելի է գնալ նման զոհաբերությունների, կամ էլ պետք է մտածել ներդնելու մեխանիզմներ, որոնք երկուստեք բավարար կինեն: Անհասկանալի է նաեւ երկքաղաքացիներին ընտրելու իրավունք տալու մասին հանձնարարականը: Ամեն դեպքում, այս հարցը շատ է քննարկվել, ու խնդիրը պետք է դիտարկել` ե՛ւ բարոյական, ե՛ւ առավել եւս ազգային անվտանգության տեսանկյունից ելնելով:

Իհարկե, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում կան նաեւ կարեւոր հանձնարականներ, ինչպես, օրինակ, տեղամասերի շենքային պայմանները բարելավելու, տեղամասային կենտրոններում կուտակումներից խուսափելու համար լրացուցիչ քվեախցիկներ տեղադրելու պահանջները:




Լրահոս