ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման թեմային: Վրաստանի նախագահն անցյալ ամիս Բաքվում հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ միեւնույն խնդիրների միջով են անցել. «Այսօր մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը դեռեւս վերականգնված չէ»:
Եւ, ահա, երեկ Արմեն Սարգսյանը շեշտել է, որ, Սալոմե Զուրաբիշվիլիի հետ քննարկելով տարծաշրջանային հակամարտությունները, համակարծիք են եղել՝ հիմնահարցերը եւ հակամարտությունները նույնական չեն, հետեւաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը: «Իմ անձնական համոզմամբ` լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի եւ նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»,- պնդել է նա:
Ընդհանրապես, Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացն այս օրերին դարձել է երկրի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը, եթե չասենք՝ ամենահիմնականը: Երեկ Երեւանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրի բանակցային ձեւաչափի թեմային` շեշտելով.
«Որեւէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձեւաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»: Ու այս առումով Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանի՝ ԼՂ խնդրին անդրադառնալը կարող է դիտվել միանգամայն բնական: Սակայն Արմեն Սարգսյանի այդ քայլն իր մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ էր պարունակում՝ ուղղված վարչապետ Փաշինյանին:
Ինչպես հայտնի է, նախագահը նախօրեին չէր մասնակցել Արցախում ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին: Պատճառը եղել էր այն, որ վարչապետի աշխատակազմն իրեն բավական ուշ էր հրավիրել՝ ԱԱԽ նիստից մեկ օր առաջ՝ երեկոյան:
Նախագահականի պարզաբանման մեջ եւս շեշտված էր այդ փաստը` այդպես անուղղակի ի ցույց դնելով վիրավորվածություն: Ու հիմա Արմեն Սարգսյանը, որ արտաքին քաղաքականության բնագավառում, հատկապես` բանակցային գորընթացի հետ կապված, չունի առանցքային լիազորություններ, խոսում է ԼՂ խնդրի մասին, ընդ որում, խոստովանենք, բավական ճիշտ շեշտադրումներով: Եւ այսպես Արմեն Սարգսյանը փորձում է ի ցույց դնել իր իրազեկվածությունը, ԼՂ խնդրում հարկ եղած դեպքում համապատասխան տեսակետ հայտնելու կարողությունը: