Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է փակել «Նուբարաշեն», «Գորիս» եւ «Երեւան-Կենտրոն» (հայտնի է որպես «ԿԳԲ-ի պադվալ») քրեակատարողական հիմնարկները։ Ըստ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ դրանց շենքային պայմանները չեն գոհացնում Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Նա ասել է, թե այս պահին որոշված է միայն մեկ նոր շենք կառուցել «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ–ի համար, մինչդեռ «Գորիսն» ու «Նուբարաշենն» առայժմ կշարունակեն գործել իրենց հին շենքերում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարարի այս հայտարարություններից հետո բավականին լուրջ քննարկումներ են սկսվել նոր ՔԿՀ շենք կառուցելու շուրջ: Մասնավորապես, տեսակետ է եղել, որ նոր շենքի կառուցումը այս պայմաններում պարզապես ավելորդություն է:
Այս հարցը կարելի է այլ կերպ լուծել. քրեակատարողական հիմնարկները հիմա թերբեռնված են: Ու ավելի արդյունավետ կլինի, որ այդ շենքի կառուցման համար հատկացվող գումարը ուղղվի արդեն եղած ՔԿՀ-ներում դատապարտյալների զբաղվածությունը ավելի լավ կազմակերպելուն: