Մեծ աղմուկ` ոչնչի շուրջ. կոկորդիլոսաբուծարան հիմնե՞լ, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու դարակազմիկ ծրագրի իրականացումը կարծես դանդաղում է: Եթե նախկինում ներդրողը վիզա չունենալու պատճառով չէր կարողանում գալ Հայաստան, հետո տեւական ժամանակ փորձում էին պարզել՝ կոկորդիլոսը կենդանի է, թե թռչուն, որպեսզի իմանան՝ մաքսային ինչ ռեժիմով մաքսազերծեն, հիմա խնդիրներ կան` կապված ենթակառուցվածքների հետ: Պարզվում է` ընկերությունը անգամ հողը չի վարձակալել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ծրագրի ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են անցած տարվա վերջին, իսկ կոկորդիլոսի բուծարան հիմնելու ծրագիրը «Արմոն» ընկերությանն է: Վարձակալության է վերցվել 15 հա տարածք: Ընկերությունը նախատեսում է ներդրումների ծավալները հասցնել 10 մլն դոլարի: Ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի 300-500 աշխատատեղ, իսկ կոկորդիլոսների հետ պետք է աշխատեն դրսից եկած մասնագետները: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե որ փուլում են այժմ գտնվում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները:

-Պարո՛ն Սարգսյան, ներդրողի` վիզա ստանալու հետ կապված հարցը կարգավորվեց, ավելին` պետական եկամուտների կոմիտեն, ի վերջո, կողմնորոշվեց` կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի… Հիմա ո՞ր փուլում են գտնվում կոկորդիլոսաբուծարանի ստեղծման աշխատանքները:

-Նախագծերն ենք պատրաստում, նախագծային փուլում ենք: Նախկինում առաջացած հարցերը` կառավարության հետ կապված, լուծված են: Այժմ փորձում ենք լուծել կապի, կոյուղու, ջրի, էլեկտրաէներգիայի հարցերը: Ոչ մի ներդրող չի ասում` ես կգամ, 20 կմ ջրագիծ կքաշեմ, մենք պարտավոր ենք այդ ենթակառուցվածքների հարցերը կարգավորել, ճանապարհները պատրաստել: Գիտեք, ծրագիրը ավելի քան 30 բաժնից է բաղկացած, եւ ամեն մի ենթակառուցվածք ունի իր ներդրողը: Այսինքն` մեկ ներդրողը չի կարող մնացած հարցերով զբաղվել:

-Տանզանիայից ներդրողը ե՞րբ կգա Հայաստան:

-Երբ պատրաստ լինենք: Կգա ժամանակը, կգա:

-Իսկ ե՞րբ պատրաստ կլինեք:

-Այ դա մեծ հարց է, որովհետեւ մենք աշխատում ենք դրա վրա: Նախագծերը պատրաս կլինեն, կքննարկվեն: Անգամ մարդիկ կան, որոնք Տանզիանիայի էկոլոգիայի նախարարին գրել են այն մասին, թե ինչ հիմքերով եք դուք կոկորդիլոս բերում Հայաստան: Անհասկանալի է, թե ինչ են ուզում այդ մարդիկ. մենք էկո այգի ենք ստեղծում, հանք չենք շահագործում: Եթե ես մի տարածքը վերածում եմ այգիների, զվարճանքի վայրերի, ես ուղղակի իրենց մտածելակերպը չեմ հասկանում…

-Բայց նշվում էր, որ կոկորդիլոսի կաշին հետագայում օգտագործելու եք կոշիկի, հագուստի արտադրությունում:

-Կոկորդիլոսը կոմերցիոն նպատակներով օգտագործվելու է 7-8 տարի հետո: Իսկ մինչ այդ պետք է պահենք, մեծացնենք, գուրգուրենք, որ նրանք չափահաս դառնան: Ճուտը, որ դուրս է գալիս, միանգամից չեն մորթում ու դնում սեղանին:

-Այնուամենայնիվ, պարո՛ն Սարգսյան, ծրագրի մեկնարկը ե՞րբ կտրվի` այս տարեվերջի՞ն, թե՞ դեռ հայտնի չէ:

-Չեմ իմանում, չեմ կարող ասել, կարող է հաջորդ ամսում տեսնեք շինարարությունը կամ էլ չտեսնեք. դրանք արդեն մեր ներքին հարցերն են: Մենք հիմա Բնապահպանության նախարարությանը գրում ենք փորձաքննության համար, որ իրենք էլ իրենց եզրակացությունը տան: Մենք դեռ նամակ չենք ուղարկել Բնապահպանության նախարարությանը, որովհետեւ այսօրվա վիճակով դեռ չենք կողմնորոշվում` ներդրում անում ենք, թե ոչ:

-Այսինքն` ծրագրի իրականացումը դեռ հարցականի տա՞կ է:

-Հարցականի տակ չէ, 90 տոկոսով հա է, բայց մինչեւ փաթեթն ամբողջական չդարձնենք, մեզ համար պարզ չլինի, չենք կարող ասել:

Հասկանո՞ւմ եք, շատ խնդիրներ կան… Մենք հիմա փորձում ենք լուծել ենթակառուցվածքների խնդիրը` ճանապարհ, ջուր, էլեկտրաէներգիա, կոյուղի, ինտերնետ:

-Հաշվարկե՞լ եք, թե այդ ենթակառուցվածքների համար որքան կծախսեք:

-Մոտավորապես ավելի քան 3 մլն դոլար… Ներդրողը կարող է մի մասը հատկացնել, հասկանո՞ւմ եք, այստեղ խնդիրներ կան, մենք հիմա նայում ենք եւ օպտիմալ տարբերակն ենք քննարկում, որ բոլորի համար լավ լինի: Հիմա կհամաձայնեն, թե ոչ, դեռ չեմ կարող ասել, բայց պաշտոնապես հայտարարում եմ, որ ծրագիրը լինելու է, խնդիր չկա: Մենք հիմա չենք կարող կոկորդիլոսի ձուն ներկրել. չէ՞ որ պետք է իրենց խուցերը սարքենք, կենցաղային պայմանները, մենք պետք է կարողանանք իրենց համար ամեն ինչն ապահովել:

Ձուն բերելը վերջին ծրագրի էտապն է: Մի՛ կենտրոնացեք կոկորդիլոսի վրա. կոկորդիլոսը այդ ծրագրի 2 տոկոսն է կազմում:

-Պարո՛ն Սարգսյան, նախկինում «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էիք, որ Վրաստանի իշխանություններն առաջարկել են այդ ծրագիրը իրենց մոտ իրականացնել: Համաձայնե՞լ եք, թե՞ ոչ:

-Առաջարկը դեռ կա, մենք չենք պատասխանել, բայց չենք էլ պատասխանելու: Բայց եթե ներդրողները համաձայնեն, կարող ենք Մոզամբիկում էլ իրականացնել ծրագիրը, եթե պետք եղավ, Մարսի վրա էլ: Այստեղ փող տվողն է եղանակ փոխում, ոչ թե մենք: Հիմա ներդրողը սպասում է` նախագծերը պատրաստենք, վերջացնենք, կողմնորոշվենք` որ էտապը որտեղից ենք սկսում կամ ինչից: Հողն էլ դեռ չենք վարձակալել, ուղղակի պայմանավորվել ենք, քանի որ եթե տեսնենք ենթակառուցվածքները այլ տեղում էժան գնով հնարավոր կլինի կառուցել, կտեղափոխվենք այլ տեղ:

-Իսկ ներդրողը երբեւէ եղե՞լ է Հայաստանում, թե՞ ոչ:

-Ինքը եղել է Հայաստանում երկու-երեք անգամ: Եկել է բժշկական տուրիզմի շրջանակներում եւ այդ ժամանակ էլ իր մոտ միտք է հղացել կոկորդիլոսաբուծարան հիմնել: Դրա համար զարմացանք` որ մի մարդ եղել է Հայաստանում, ինչու իրեն մերժեցին ու վիզա չտվեցին: Բայց հիմա այդ մասով ամեն ինչ կարգին է, երբ դիմենք ԱԳՆ, թույլ կտան:

Զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս