Ինչ մոդելով են Հայաստանում արվել տնտեսական ներդրումները, և ինչ է առաջարկում Փաշինյանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տնտեսության մասին խոսելիս հատկապես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները տարիներ շարունակ շեշտել են՝ այդ բնագավառը վերջին քսան տարում շարժվել է ոչ թե տնտեսագիտության կանոններով, այլ ղեկավարվել իշխանությունների քաղաքական որոշումներով: Հետեւաբար, տնտեսության բոլոր խնդիրները քաղաքական են, եւ քաղաքական են լինելու այս ոլորտում լուծումները:
ԱԺ երեկվա ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հաստատեց այդ պնդումների ճշմարտացիությունը` շեշտելով, որ թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է Հայաստանի տնտեսական մոդելն, ու նախկին բարքերն այլեւս չեն գործում:

«Մեր պայքարը եւ հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ եղել է տնտեսական մոդելի դեմ»,- երեկ հայտարարել է Փաշինյանը՝ մանրամասնելով,- «Ո՞րն է այդ հին մոդելի էությունը. հին մոդելի էությունն այն է, որ Կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք էս բառիս համար, օրթաղ է… Եկեք խոստովանենք, ըստ էության, սա Հայաստանում տեղի ունեցած ներդրումների 90 տոկոսի նկարագրությունն է: Որեւէ ներդրման մեջ Հայաստանում՝ հաջողված, անհաջող, էական չի, դուք կտեսնեք այս մոդելը, հենց այս մոդելով են Հայաստանում արվել տնտեսական ներդրումներ։

Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այս մոդելից, մենք հայտարարել ենք, որ նման մոդելով մենք չենք կարող աշխատել, որովհետեւ դա, իհարկե, հակասում է հենց մեր իսկ քաղաքական ծագումնաբանությանը, որ մեր պայքարը եւ հեղափոխությունը, եկեք չմոռանանք, ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլև եղել է տնտեսական մոդելի դեմ»:

Նման ձեւակերպումները կարեւոր են մեկ պարզ պատճառով: Նման խնդիրները պետք է ախտորոշվեն նախ եւ առաջ պետության ղեկավարի մակարդակով: Ու այդ խնդիրներն ախտորոշելուց հետո միայն կարելի է համարժեք լուծումների ակնկալիք ունենալ, այլապես, ինքներդ եք հասկանում, առանց դրա ցանկացած լուծում պարզապես կարող է կիսատ լինել: Բացի այդ, եթե Փաշինյանը մատնանշում է նախկին իշխանությունների սխալները, կա որոշակի երաշխիք, որ իր իշխանությունը նույնը չի կրկնի:

Այս առումով, թերեւս, նկատենք` Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ չփորձեց գնահատական տալ նախորդի՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք հաստատված բարքերին, ավելին՝ ինքն էլ շարունակեց խաղի նույն կանոններով` ժամանակի ընթացքում դրանք հարմարեցնելով նոր իրողություններին: Ու դրա հետեւանքով եղավ այն, որ երկրի տնտեսությունը հիմնահատակ այլասերվեց:




Լրահոս