Իշխանափոխության հնարավորություն առկա էր նաեւ 2016 թվականին. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջին տարիներին քաղաքական համակարգն այնպես էր զարգանում, որ հեղափոխական զարգացումներն անխուսափելի էին»,- այսօր «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» թեմայով համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Պետք էր միայն մի ուժ, որը հաջողության կհասցներ համաժողովրդական շարժումը»,- ասաց բանախոսը` հավելելով, որ իշխանափոխության հնարավորություն առկա էր նաեւ 2016 թվականին, սակայն այդ շրջանում տեղի ունեցող իրադարձություններին բազմաթիվ խաղացողներ էին խառնված, ասելիքը խիստ տարբեր էր, ինչի պատճառով էլ հասարակությունը չէր կողմնորոշվում, թե ո՞ր ուժի ասելիքն է իր համար ընդունելի: Ըստ նրա, բոլոր իրադարձությունների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Հայաստանում, ճանապարհային քարտեզն առաջին իսկ օրվանից նորընտիր իշխանությունները հրապարակել են. «Վարչապետը եւ բոլոր ներգրավված մարդիկ, կետ առ կետ հայտարարել եւ իրականացրել են իրենց ծրագրերը:

Որոշիչ քայլերից մեկն էլ այն էր, որ մեր հիմնական քայլերը ներկայացրեցինք քաղաքացիական հասարակությանը եւ նրանից աջակցություն ստացանք: 14 օրերը ծառայեցին իրենց նպատակին, եւ երբ մտանք Երեւան, զգացինք, որ սառույցը կոտրվել էր: ԶԼՄ-ների կողմից աջակցություն չունեինք, շարժման ընթացքում շատ մեծ դեր խաղաց սոցիալական մեդիան»,-նշում է Արայիկ Հարությունյանը:

«2018 թվականին տեղի ունեցածը զարմանքի տեղիք տվեց: Հայաստանյան քաղաքացիական հասարակությունն ավելի ժողովրդավարական ուղեծրով էր շարժվում, քան բոլորը ենթադրում էին: Սահմանադրության փոփոխությունը եւ ՀՀ երրորդ նախագահի՝ վարչապետ դառնալու ցանկությունը, հանգեցրեցին հասարակության շատ լայն շերտերի զայրույթին եւ բերեցին հայտնի զարգացումներին: Հայաստանում տեղի ունեցածը եզակի էր»:

Փորձագետի խոսքով` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ էր պաշտոնավարել, իսկ համաշխարհային փորձն ապացուցում է, որ նման դեպքերում ոչ միայն հասարակությունն է հոգնում նույն դեմքից, այլ նաեւ տվյալ անձը կորցնում է իրականության զգացողությունը: Նա, որպես օրինակ, նշեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին:

 




Լրահոս