ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները բավական կտրուկ էին: «ԱՄՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ Ձեզ հարց տալ եւ բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որեւէ մեկը չի կարող կասկածել: Իսկ ինչպե՞ս արձագանքեցին. ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,-երեկ ԱԺ-ում ասել է նա` հավելելով, որ իր համար կարեւոր է ինքնիշխանությունը:
Միաժամանակ, Փաշինյանն անդրադարձել է պնդումներին, թե ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ձախողել է.«Ինչո՞վ ենք ձախողել, ես կարծում եմ՝ մենք հաջողել ենք, որովհետեւ մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, եւ թո՛ւյլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»,- ասել է նա:
Առաջին անգամն է, երբ Փաշինյանը նման կտրուկ տոնայնությամբ է խոսում ԱՄՆ-ի հասցեին, սակայն առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արտահայտվում գերտերությունների մասին խոսելիս` միաժամանակ կարեւորելով ու շեշտելով ՀՀ ինքնիշխանության պաշտպանության հարցը: Հիշում եք` նախորդ տարի` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, երբ Փաշինյանն այցելել էր Բրյուսել, եվրոպացի գործընկերների մոտ տարակուսանք էր հայտնել` ԵՄ-ն հեղափոխությունից հետո ՀՀ-ի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումների ժամանակ եւս Փաշինյանը կարեւորել էր երկու երկրների ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում համագործակցությունը` իր խոսքի մեջ շեշտելով այդ հանգամանքը: Նաեւ հիշում եք` մինչեւ հիմա ՀՀ-ն համառորեն չի համաձայնում ժամանակից շուտ զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը` հակառակ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ճնշումներին:
Նման պահվածքը շատերին կարող է զարմանալի թվալ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ նախորդ իշխանությունները նման դեպքերում միանգամայն հակառակ կեցվածք են ընդունել` գերտերությունների հետ հարաբերություններում գերադասելով նվաստանալ:
Սա էլ, թերեւս, հետեւանք է եղել նախկին իշխանությունների լեգիտիմության բացակայության, միջազգային ասպարեզում էլ քաջ իմացել են, որ ՀՀ իշխանությունները քսան տարի շարունակ հաստատվել են ընտրակեղծիքների, բռնությունների ճանապարհով՝ դեմ գնալով սեփական ժողովրդի ցանկությանը: Մինչդեռ հիմա իրավիճակն այլ է. Նիկոլ Փաշինյանը չի վարանում հանդես գալ սեփական երկրի շահերի պաշտպան` հարկ եղած դեպքում առանց վարանելու հակադրվելով նրանց: