Ուշագրավ հանգամանքներ Լյովա Սարգսյանի հիմնադրամի շուրջ. ինչ է բացահայտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը:

Այս հիմնադրամն, ի դեպ, արդեն մի քանի ամիս է՝ դադարեցրել է իր գործունեությունը, եւ 2018թ. մայիս ամսից սկսած` որեւէ ծրագիր չի իրականացրել: Նկատենք, որ 2008-ից գործող այս հիմնադրամի խոշոր եւ մշտական ֆինանսավորողների ցանկում է եղել Երեւանի քաղաքապետարանը եւ մեկ այլ աղմկահարույց հիմնադրամ՝ ամիսների առաջ ԱԱԾ-ին «հյուրընկալած» «Երեւան»-ը, որոնք ամեն տարի միլիարդավոր դրամներ են փոխանցել «Փյունիկին»՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

«Փյունիկի» 2018թ. գործունեության հաշվետվությունից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախորդ տարի հիմնադրամին Երեւանի քաղաքապետարանից սիզամարգեր ստեղծելու եւ ծաղկապատում իրականացնելու համար փոխանցվել է 103 մլն 135 հազար 600 դրամ, եւս 200 միլիոն դրամ էլ` բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում իրականացնելու համար:

Այլ աղբյուրներից հիմնադրամին ֆինանսավորում չի եղել: Այսինքն՝ միայն քաղաքապետարանից «Փյունիկին» է փոխանցվել շուրջ 303 մլն դրամ: Իրավաբանական անձանց կողմից դրամական մուտք եղել է արտասահմանյան «Ստատու Մաքսոլար Փոուեր ԼԹԴ-ի» կողմից՝ 24 մլն 170 հազար 85 դրամ: Ֆիզիկական անձանց կողմից դրամական մուտքեր նույնպես եղել են, մասնավորապես` Լյովա Սարգսյանի կողմից՝ 672 հազար 228 դրամ, եւ սփյուռքահայ բարերար Գաբրիել Չենբերջյանի կողմից՝ 500 հազար դրամ:

Այլ ֆիզիկական անձանց կողմից ապահովված ֆինանսական մուտքերը կազմել են 26 մլն 188 հազար 822 դրամ: Նախորդ տարի ՀՀ համայնքների կողմից հիմնադրամին նվիրատվություններ չեն արվել, իսկ իրավաբանական անձանցից միայն մեկ ընկերություն՝ «Կայիքի գրուպ ԼԹԴ-ն» է նվիրատվություն արել՝ 39 մլն 144 հազար դրամ: Սա նույնպես արտերկրում գործող ընկերություն է: Հիմնադրամը նախորդ տարի ընդամենը երկու ծրագիր է իրականացրել՝ բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում, որի վրա ծախսել է 363 միլիոն 464 հազար 96 դրամ, եւ հրատարակչական աջակցություն է ցուցաբերել՝ ծախսելով 2 մլն 5 հարյուր հազար դրամ:

«Փյունիկի» կանոնադրական նպատակների իրականացման եւ ֆինանսական տարվա օգտագործված միջոցների չափն էլ կազմել է 489 մլն 478 հազար դրամ: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է:

Թե ով է ստորագրության հեղինակը, մեզ պարզել չհաջողվեց: Իսկ հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ, քանի որ վերջինս ՀՀ-ում չէ: «Եթե ուշադիր լինեք, Լ. Սարգսյանը հայերեն է ստորագրում, իսկ կնիքի վրա բոլորովին այլ ստորագրություն է: Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար: Հավատացած եղե՛ք, որեւէ մեկը հարյուր տարի մնա իր տեղը, որեւէ փաստաթուղթ չի ստորագրի»,-պարզաբանեցին հիմնադրամից:

Իսկ թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից եւ ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում: «Հիմնադրամն էլ դիմում է ներկայացրել հարկային՝ գործունեությունը դադարեցնելու համար, քանի որ ընթացիկ ծախսեր կան. ո՞վ պետք է վճարեր, եթե հիմնադրամը չի աշխատում»,-հատնեցին հիմնադրամից: Իսկ թե արդյոք այն կլուծարվի, թե հետագայում կշարունակի իր գործունեությունը, այդ հարցում հստակություն կմտցվի միայն հիմնադրամի կառավարչի՝ Հայաստան վերադառնալուց հետո:

Նկատենք, որ նախորդ տարիներին նույնպես հիմնադրամում միլիոնավոր դրամների շարժ է եղել: Մենք ուսումնասիրեցինք «Փյունիկի» 2017 թ. գործունեության հաշվետվությունը եւ պարզեցինք, որ հիմնադրամը, որպես ծրագիր, նախորդ տարի իրականացրել է 346 միլիոն 351 հազար 641 դրամի բարեգործական բեռների ներմուծում եւ անհատույց բաշխում:

Հիմնադրամը ֆինանսավորվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Երեւան» հիմնադրամի կողմից: «Երեւան»-ը տարիներ շարունակ որոշակի ծրագրեր իրականացնելու համար իր միջոցներից ահռելի գումարներ է փոխանցել մեկ այլ հիմնադրամի, մինչդեռ նույն այդ ծրագիրը հաջողությամբ կարող էր իրականացնել հենց ինքը: Մասնավորապես, «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» 2016-ին ընդհանուր մոտ 556 մլն դրամ է փոխանցվել՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Դե իսկ 2017-ին միայն Երեւանի քաղաքապետարանի բյուջեից «Փյունիկին» է փոխանցվել շուրջ 275 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ: Դատարաններն ամռանից քննում են նրա խափանման միջոցի հարցը: Հարուցված գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Սարգսյանի որդին եւ դուստրը` Նարեկ եւ Անի Սարգսյանները: Լ. Սարգսյանը մինչեւ այժմ գտնվում է հետախուզման մեջ: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նրա գտնվելու վայրը` հասցեն, իրավապահներին հայտնի է, սակայն նրան Հայաստան բերելու կապակցությամբ դժվարություններ կան:

Հեղինե Մանուկյան




Լրահոս