ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության կառուցվածքի մասին նախագիծն ուղարկվել է լրամշակման. Էդուարդ Աղաջանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են։ ՀՀ կառավարությունը հաստատել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որտեղ հստակեցված են 12 նախարարությունների անվանումները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դեկտեմբերի 10-ին` արտասահմանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, հայտնել էր, որ նախարարությունների թիվը կառավարությունում պետք է կրճատվի` 17-ից դառնալով 12։ Փետրվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարության փոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն էլ կառավարության կառուցվածքի իր այլընտրանքային տարբերակն է ներկայացրել` ընդգծելով, որ կառավարության կրճատումներն ունեն ընդամենը ֆորմալ բնույթ:

«Այսինքն՝ նախարարությունների թիվը կրճատում են՝ ցույց տալու, որ նախարարությունների թիվը ավելի քիչ է, քան նախկինում էր, բայց բազմաթիվ հարցերի պատասխաններ չկան: Մենք շեշտում ենք հասկանալու համար` արդյոք այդ փոփոխությունը բերում է նրան, որ ուղիղ մեկ տարի առաջ ընդունված օրենքներով այս սուպերվարչապետական համակարգը վերանում է, թե ոչ, եւ երկրորդ հարց. արդյոք այս փոփոխված տարբերակով կառավարությունը եւ գործադիր իշխանության մարմինները դառնո՞ւմ են խորհրդարանական վերահսկողությանը ավելի հաշվետու եւ ենթակա, եւ երրորդ` արդյոք արդունավե՞տ է այդպիսի կառավարություն ունենալ»,-ասել էր Մարուքյանը:

Նշենք, որ, ըստ «Լուսավոր Հայաստանի» տեսլականի, պետք է լինի 3 փոխվարչապետ, 14 նախարարություն:
«Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվեց` ինչու կառավարության հաստատած նախագիծը դեռ չի բերվել ԱԺ: Աղաջանյանն ասաց, թե կան մի շարք տեխնիկական խնդիրներ, եւ նախագիծը ուղարկվել է վերամշակման:

«Նախագիծը ուղարկվել է վերամշակման. կառավարության նիստի ժամանակ որոշակի դիտարկումներ հնչեցին տարբեր գերատեսչությունների ղեկավարների կողմից, ընդամենը վերամշակման համար որոշակի ժամանակ էր անհրաժեշտ, որից հետո` ապրիլի 15-ին` արդեն քառօրյային, կուղարկվի Ազգային Ժողով»,-ասաց Աղաջանյանը:

Հարցրինք, թե հնարավոր է ընդունվեն «Լուսավոր Հայաստանի» առաջարկները: «Միայն տեխնիկական են լինելու փոփոխությունները: Բովանդակային մասը եւս մեկ անգամ քննարվել է, եւ որոշվել է, որ պետք է անփոփոխ մնա. շտկումները լինելու են միայն տեխնիկական բնույթի: Վերամշակման փուլն էլ, ըստ էության, ավարտվել է, կառավարության դիրքորոշումը եւ կառավարության առաջարկությունը արդեն իսկ հստակեցված են»,-ասաց կառավարության աշխատակազմի ղեկավարը: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում չբացառեց, որ ԱԺ-ում քննարկման արդյունքում միգուցե լինեն փոփոխություններ:

Լուսինե Մինասյան




Լրահոս